Մարզական տեսություն. Մեխիկոյի մրցաշարում անհաջող ելույթից հետո Արոնյանի գործակիցը նվազել է

Շախմատ

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Մեխիկոյում ավարտված աշխարհի առաջնության մրցաշարում անհաջող ելույթից հետո (ութ մասնակիցների մեջ նա գրավեց յոթերորդ տեղը` իջեցնելով իր գործակիցը 2741-ի) ՖԻԴԵ-ի աղյուսակում 5-րդ հորիզոնականից իջել է 9-րդ:

Աղյուսակը 2801 գործակցով գլխավորում է Մեխիկոյում համոզիչ հաղթանակ տարած և աշխարհի նոր չեմպիոն դարձած հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը: Նրան հաջորդում են ուկրաինացի Վասիլի Իվանչուկը և նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան): Աղյուսակում Արոնյանից առաջ են նաև Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Պետեր Լեկոն (Հունգարիա), Ալեքսանդր Մորոզևիչը (Ռուսաստան), Շահրիար Մամեդյարովն ու Թեյմուր Ռաջաբովը (երկուսն էլ` Ադրբեջան): Մեկ այլ հայ գրոսմայստեր` Վլադիմիր Հակոբյանը, 18-րդ տեղում է: Լավագույն հարյուրյակում տեղ են գտել նաև Գաբրիել Սարգսյանը (40-րդ տեղ) և Սմբատ Լպուտյանը (94-րդ տեղ):

ՖԻԴԵ-ի գործակիցների այս աղյուսակն ուժի մեջ կլինի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Այդ ընթացքում հոկտեմբերի 3-ին Երևանում մեկնարկեց տղաների ու աղջիկների աշխարհի առաջնությունը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 17-ը: Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի մայրաքաղաքում անցկացվող աշխարհի առաջնությանը մասնակցում են ավելի քան 100 շախմատիստներ աշխարհի 44 երկրներից: Հայաստանը ներկայացնում են 12 տղաներ ու 10 աղջիկներ: Հաղթողներին որոշելու համար կանցկացվի 13 տուր:

Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության խաղերին կարելի է հետևել Երևանի ժամանակով 15:00-ից Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքում` www.armchess.am:

Ծանրամարտ

Սեպտեմբերի 30-ին ավտովթարից մահացավ հայ ծանրամարտիկ, աշխարհի և Եվրոպայի ռեկորդակիր Խաչատուր Քյափանակցյանը: Վկայակոչելով փրկարար ծառայության տվյալները` «Regnum.ru» գործակալությունը հաղորդում է, որ նախկին մարզիկը Գյումրի-Վանաձոր մայրուղում կեսգիշերից քիչ անց կորցրել է վերահսկողությունն իր «Մերսեդես» ավտոմեքենայի նկատմամբ և գահավիժել ձոր: 39-ամյա նախկին չեմպիոնը մահացել է տեղում, իսկ մեքենայի ուղևոր 29-ամյա Սարգիս Թադևոսյանը ծանր վնասվածքներ ստացել:

Քյափանակցյանը (77 կգ քաշային կարգ) մեկ տասնամյակ եղել է ԽՍՀՄ հավաքականի կազմում: Անկախացումից հետո Քյափանակցյանն ազգային հավաքականի կազմում մասնակցել է նորանկախ Հայաստանի առաջին օլիմպիական խաղերին (ԱՄՆ, Ատլանտա, 1996 թ.): Մարզական ելույթներն ավարտելուց հետո սկսել է զբաղվել մարզչական աշխատանքով և 2005 թվականից ընդգրկվել Հայաստանի հավաքականի մարզչական թիմի կազմում:

Շաբաթվա սկզբին Հայաստանի սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Քյափանակցյանի ընտանիքին ու բարեկամներին և ընդգծել նրա ներդրումը հայկական ծանրամարտում, մասնավորապես, այս տարի Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդների փայլուն նվաճման գործում:

Ֆուտբոլ

Հայ ֆուտբոլիստուհիներն ավարտեցին մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարը` Ուկրաինայի Լվով քաղաքում 2:2 հաշվով ոչ-ոքի խաղալով Ադրբեջանի հավաքականի հետ, ընդ որում, խաղի ընթացքում նրանք զիջում էին մրցակցին 2 գնդակի տարբերությամբ: Երկու թիմերն էլ արդեն կորցրել էին որակավորման հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը` ենթախմբում տանուլ տալով Շոտլանդիայի և Ուկրաինայի իրենց մրցակիցներին, որոնք էլ կշարունակեն պայքարը:

Իսկ այդ ընթացքում Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստները երկու խաղ են անցկացրել Եվրոպայի առաջնության որակավորման փուլում` զիջելով իտալացիներին 1:2 հաշվով և տանտերերին` Չեխիայի հավաքականին, 1:5 հաշվով: Այդ պարտություններից հետո հայ ֆուտբոլիստները կորցրել են հաջորդ փուլ անցնելու հնարավորությունը, և հաջողությունը Կիպրոսի հավաքականի հետ կիրակի կայանալիք խաղում կարող է միայն մխիթարական նշանակություն ունենալ: