«Վայելենք միասին». Հայաստանն ու Թուրքիան անցկացնում են ֆուտբոլի Աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլի անդրանիկ հանդիպումը «ֆուտբոլային դիվանագիտության» աշխուժացման պայմաններում

Այս շաբաթավերջին Հայաստանի հավաքականը Աշխարհի գավաթի որակավորման փուլի շրջանակներում կընդունի Թուրքիայի հավաքականին: Միջազգային բուքմեյքերների կարծիքով` հյուրերի հաղթանակի հավանականությունն ավելի մեծ է:

Սակայն փակ սահմաններով ու կնճռոտ խնդիրներով բաժանված երկու երկրների քաղաքական ղեկավարները հույս ունեն, որ այս աննախադեպ իրադարձության հետևանքով գոնե մարզադաշտից դուրս պարտվողներ չեն լինի:

Շաբաթ` սեպտեմբերի 6-ին, «Հրազդան» մարզադաշտում Երևանի ժամանակով 21:00-ին մեկնարկող խաղը ազգային հավաքականների մակարդակով առաջին հանդիպումն է երկու հարևան երկրների համար, որոնք ներկայումս ունեն բարդ հարաբերությունների պատմություն և չունեն դիվանագիտական հարաբերություններ:

Այս հանդիպման արտամարզական նշանակությունը շեշտվում է անցյալ տարեվերջից, երբ երկու երկրների հավաքականները հայտնվեցին 2010 թ. Հարավային Աֆրիկայում անցկացվելիք Աշխարհի գավաթի խաղարկության որակավորման նույն փուլում (խմբում ընդգրկված են նաև Իսպանիայի, Բելգիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Էստոնիայի հավաքականները):

Խաղն ավելի կարևորվեց այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահը` օգտվելով առաջիկա հանդիպման ընձեռած հնարավորությունից, հրավիրեց իր թուրք պաշտոնակցին «միասին վայելելու ֆուտբոլային խաղը» Երևանում:

«Դրանով մենք նոր խորհրդանշական սկիզբ կդնենք մեր հարաբերություններում»,- հուլիսին «Wall Street Journal»-ում գրել է Սերժ Սարգսյանը` կրկնելով Հայաստանի մայրաքաղաք այցելելու Աբդուլլահ Գյուլի իր հրավերը:

Որպես բարի կամքի լրացուցիչ արտահայտություն` պաշտոնական Երևանը օգոստոսի կեսին որոշում ընդունեց միակողմանիորեն սահմանելու առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ Թուրքիայի հետ սեպտեմբերի 1-6-ը, որպեսզի հեշտացնի թուրք ֆուտբոլասերների այցը Հայաստան:

«Այդ որոշումն ընդունվել է, որպեսզի հնարավորություն տրվի Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին այցելելու Երևան սեպտեմբերի 6-ին Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների միջև կայանալիք հանդիպումը դիտելու համար»,- նշվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Վերջերս արված վերակառուցումից հետո Երևանի ամենամեծ` «Հրազդան» մարզադաշտը կարող է ընդունել մինչև 55.000 մարզասեր: Ակնկալվում է, որ Երևան կժամանեն հարյուրավոր թուրք ֆուտբոլասերներ` չնայած Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական դիրքորոշմանը, որը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին չմեկնել Հայաստան` հնարավոր միջադեպերից խուսափելու նպատակով: Թուրքական կողմը ցանկանում է, որ հայկական կողմն անի նույնը, երբ Հայաստանի հավաքականը մյուս տարվա աշնանը պատասխան խաղի մեկնի Ստամբուլ:

Հայաստանի իշխանություններն ու երկրի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել են, որ կձեռնարկվեն անվտանգության անհրաժեշտ միջոցներ` միջադեպերից խուսափելու համար: Ֆեդերացիան կոչ է արել ֆուտբոլասերներին առավելագույն հարգանք ցույց տալ հյուրընկալվող թիմի նկատմամբ և ձեռնպահ մնալ հայհոյանքներ բղավելուց և ատելություն արտահայտող պաստառներից:

Հայկական կողմը նաև լրացուցիչ ջանքեր է գործադրել Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին թուրքական Կարսին կապող և առայժմ չօգտագործվող երկաթգծի հայկական հատվածը նորոգելու համար, եթե դրա կարիքը զգացվի: Այն բանից հետո, երբ 1993-ին Թուրքիան որոշեց փակել սահմանն իր արևելյան հարևանի հետ, Հայաստանը հարկադրված է ապավինելու Վրաստանին` որպես տարանցիկ երկիր իր արտաքին առևտրի մեծ մասի իրականացման համար: Սակայն վերջին պատերազմի պատճառով կանոնավոր երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցությունը Վրաստանի տարածքով խափանվել է` առաջ բերելով վառելիքի և երբեմն առաջին անհրաժեշտության այլ ապրանքների պակաս հայկական շուկայում:

Հայաստանի ազգային հավաքականը շաբաթ օրը հույս ունի կրկնելու մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների սխրանքը, որոնք մոտ երկու շաբաթ առաջ «Հրազդան» մարզադաշտում գերազանցեցին իրենց թուրք հասակակիցներին խաղավարտին խփած գոլերի շնորհիվ:

Երեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը շեշտեց, որ ազգային հավաքականի առջև խնդիր է դրվել առաջիկա խաղում հաղթել Թուրքիայի հավաքականին, և կրկնեց, որ մեկնարկող որակավորման փուլում Հայաստանի նպատակն է դուրս գալ 2010 թ. Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին տեղի ունեցած Եվրոպայի 2009 թ. երիտասարդական առաջնության որակավորման խաղում Վարուժան Սարգսյանի սաները զիջում էին մեկ գնդակ մինչև 89-րդ րոպեն, երբ նախ հավասարեցրին հաշիվը, իսկ ավելացված ժամանակում տպավորիչ հաղթական գոլ խփեցին:

Հայաստանի երիտասարդական հավաքականը պատասխան խաղը Թուրքիայում կանցկացնի երեքշաբթի` սեպտեմբերի 9-ին: Իսկ ազգային հավաքականը կմեկնի Իսպանիա, որտեղ չորեքշաբթի` սեպտեմբերի 10-ին, որակավորման փուլի երկրորդ խաղը կանցկացնի Եվրոպայի չեմպիոնի հետ:

Շախմատ

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը մասնակցում է Իսպանիայի Բիլբաո քաղաքում սեպտեմբերի 2-13-ն անցկացվող Շախմատի մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշարին: Երկու շրջանով անցկացվող մրցաշարում Արոնյանի մրցակիցներն են գրոսմայստերներ Վիշի Անանդը (Հնդկաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա) և Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան):

Իսպանիայում անցկացվող մրցաշարն առաջինն է, որին Արոնյանը մասնակցում է օգոստոսի կեսին Ռուսաստանի Սոչի քաղաքում անցկացված ՖԻԴԵ-ի Գրան պրի երկրորդ մրցաշարում համոզիչ հաղթանակ տանելուց հետո:

Աշխարհի 14 առաջատար գրոսմայստերների մասնակցությամբ անցկացված մրցաշարում Արոնյանը գրավեց մաքուր առաջին տեղը` կես և մեկ միավորով առաջ անցնելով, համապատասխանաբար, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ադրբեջանցի Ռաջաբովից ու չինացի Վանգ Յուից:

Պարօլիմպիական խաղեր

Սեպտեմբերի 6-ին Պեկինում մեկնարկում են Ամառային պարօլիմպիական խաղերը հաշմանդամ մարզիկների համար: Հայաստանի միակ ներկայացուցիչը խաղերում 22-ամյա ծանրամարտիկ Գրետա Խնձրցյանն է Գյումրուց: 2006 թ. Ձմեռային օլիմպիական խաղերից հետո «ԱրմենիաՆաուն» ներկայացրել է Գրետայի մասին պատմող հոդված (կարդալու համար սեղմեք այստեղ http://www.armenianow.com/?action=viewArticle&AID=1479&lng=arm):