Հայրենիք` հայրենիքից դուրս. արգենտինացի թենիսի աստղն այցելում է

Հայաստանի թիվ 1 թենիսիստի նկատմամբ նրա հեշտ հաղթանակը, իհարկե, ակնկալվում էր, սակայն դա բնավ չխանգարեց, որ Երևանի ամենամեծ թենիսի կորտը գրաված հայ մարզասերներն այդ հաղթանակն իրենցը համարեն:

Դավիթ Նալբանդյանին` համաշխարհային թենիսի արգենտինացի ոսկե տղային, Հայաստանի և սփյուռքի թենիսի բազմահազար սիրահարները միշտ էլ «յուրային» են համարել: Նրա հայկական ծագումը, «յան»-ով վերջացող ազգանունը և, ամենակարևորը, վերաբերմունքն իր պատմական հայրենիքի նկատմամբ ապահովել են թենիսի հայ սիրահարների համակրանքն ու դարձրել նրան Հայաստանի մանուկ ու պատանի թենիսիստների կուռքը:

Իսկ հիմա 26-ամյա թենիսի աստղը, որը զբաղեցնում է համաշխարհային դասակարգման աղյուսակի 7-րդ հորիզոնականը, դուրս է գալիս երևանյան կորտ, որպեսզի մաստեր կլաս անցկացնի հայ պատանի թենիսիստների ու պարզապես թենիս սիրող երեխաների հետ ու նաև «Մաստեր կլաս» թենիսի ակումբում «քննի» Հայաստանի լավագույն թենիսիստին` Հարություն Սոֆյանին:

Հինգշաբթի` խաղից առաջ անցկացված մամուլի ասուլիսում, մեղմախոս Նալբանդյանը բավական անկաշկանդ էր իրեն պահում, թեև մի քիչ շփոթված էր այն ընդունելությունից, որին արժանացել էր հանրահայտ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հրավերով պատմական հայրենիք կատարած կարճատև այցի ընթացքում:

«Ես շատ հպարտ եմ իմ երկրորդ կամ, գուցե, առաջին հայրենիքում լինելուս համար,- ասաց Նալբանդյանը` բարենպաստ մթնոլորտ ստեղծելով լրագրողների համար: - Ես, իրոք, ինձ շատ լավ եմ զգում իմ այս առաջին այցի ընթացքում: Թենիսի գրաֆիկն այնքան լարված է, մենք գրեթե ամեն շաբաթ մրցաշար ունենք: Բայց ես համոզված եմ, որ երբ ավարտեմ թենիս խաղալը, ավելի հաճախ կգամ և ավելի շատ ժամանակ կանցկացնեմ այստեղ»:

«Հիմա ինձ թվում է, որ իմ մի ոտքը Արգենտինայում է, մյուսը` Հայաստանում»,- հավելեց նա:

Նալբանդյանը, որի նախնիները ցեղասպանություն վերապրածների առաջին սերնդից են, մի շարք պատանեկան հաջողությունների է հասել մինչև 2000-ին պրոֆեսիոնալ դառնալը: Պրոֆեսիոնալ կարիերա սկսելուց երկու տարի անց նա դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ, որը համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից ամենահեղինակավորը:

Արգենտինահայ թենիսիստն ութ տարում հաղթել է ՊԹԱ (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) ութ մրցաշարում և մշտապես տեղ զբաղեցրել աշխարհի առաջատար թենիսիստների շարքում: Նալբանդյանի լավագույն արդյունքը եղել է 3-րդ տեղը (2005 թ.): Նա նաև եղել է Արգենտինայի և Հարավային Ամերիկայի տարվա թիվ 1 թենիսիստը:

Նալբանդյանը մեկն է այն ընդամենը հինգ գործող թենիսիստներից, ում հաջողվել է դուրս գալ «Մեծ սաղավարտի» բոլոր չորս մրցաշարերի առնվազն կիսաեզրափակիչ` Ռոջեր Ֆեդեռերի, Ռաֆայել Նադալի, Մարատ Սաֆինի և Նովակ Ջոկովիչի հետ:

Իր հարցազրույցներում Նալբանդյանը բազմիցս նշել է իր հայկական ծագման մասին, իսկ այժմ նշում է, որ բոլոր մրցաշարերում միշտ հսկայական աջակցություն է ստանում հայերից:

«Ես մշտապես զգում եմ հայերի աջակցությունը: Որտեղ էլ խաղամ` շուրջս հայեր են լինում»,- ասաց նա:

180 սմ հասակով, բաց գույնի աչքերով երկարամազ շիկահեր մարզիկն ասում է, որ իր ոչ այնքան բնորոշ հայկական արտաքինը, հավանաբար, պայմանավորված է իտալուհի մոր գեներով, սակայն ավելացնում է, որ այնուամենայնիվ իրեն հոգով հայ է զգում:

Նալբանդյանը, որը շատ տպավորիչ հաղթանակներ է ունեցել, ասում է, որ իր ամենաթանկ հաղթանակը տոնել է 12 տարեկանում և նվիրել է այն իր ընտանիքին, ինչը բնավ զարմանալի չէ հայկական արմատներ ունեցողի համար:

«Թենիսը դժվար խաղ է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առումով: Այն պահանջում է մեծ խիզախություն ու տաղանդ, ինչպես նաև մշտական մարզումներ` այդ տաղանդը զարգացնելու և թենիսի բարձունքներին հասնելու համար,- ասում է Նալբանդյանն ու ավելացնում: - Թենիսն ամեն տարի ավելի մրցակցային է դառնում, քանի որ անընդհատ երիտասարդ տաղանդավոր խաղացողներ են հայտնվում»:

Սակայն արգենտինացին, որը չնայած իր բարձր վարկանիշին, դեռևս չի հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարում, ասում է, որ պատրաստվում է դա անել մոտ ապագայում:

Նալբանդյանի այցը Հայաստան հնարավոր դարձավ «Fruitfull Armenia» կազմակերպության շնորհիվ` Հայաստանի թենիսի ֆեդերացիայի և «Մաստեր կլաս» թենիսի ակումբի համագործակցությամբ և «Կոնվերս» բանկի հովանավորությամբ: