Սպորտ. Հայաստանը դիմագրավելու է «Կարմիր հրեշներին». Հարբուխը խանգարեց բռնցքամարտի «արքայի» տիտղոսը պաշտպանելուն

Ֆուտբոլ

Հայաստանը կփորձի վերականգնել իր հեղինակությունը հուսախաբ երկրպագուների մոտ, երբ շաբաթ երեկոյան Բրյուսելի «Ռուա Բոդուեն» մարզադաշտում 2010 թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի հերթական հանդիպումն անցկացնի եվրոպական աննկուն թիմերից մեկի` Բելգիայի հավաքականի հետ:

Անցյալ ամիս սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվելով Թուրքիայի հավաքականին, այնուհետև Իսպանիայում 0:4 հաշվով` Եվրոպայի չեմպիոնին` Յան Պոուլսենը հույս հայտնեց, որ որակավորման այս տարվա մյուս երկու թիմերի հետ (ներառյալ շաբաթվա կեսին Զենիցա քաղաքում բոսնիացիների հետ) հանդիպումները ավելի հաջող կլինեն մեր հավաքականի համար:

Հայաստանի ազգային ընտրանու դանիացի գլխավոր մարզիչը` խոսելով Բելգիայի ու Բոսնիայի հետ հանդիպումների մասին ասաց. «Երկուսն էլ լավ մակարդակի եվրոպական թիմեր են: Կարևոր է մեր խաղը նրանց թելադրել, ու այդ ժամանակ կլինեն հաջողություններ:

Իհարկե շատ դժվար է լինելու, առավել ևս, որ մենք հանդես ենք գալու մրցակիցների հարկի տակ: Սակայն հեշտ հանդիպումներ չկան»:

Դանիացի մարզիչը ասաց նաև, որ մրցաշարի հենց սկզբում Հայաստանի հավաքականի կրած պարտությունները ոչ իրատեսական դարձրին Աշխարհի գավաթի որակավորման վերջին փուլում նրա պայքարելը, բայց միևնույն ժամանակ նա նշեց. «Անհնարին ոչինչ չկա»:

Հայաստանից բացի, Աշխարհի գավաթի 2010 թ. Եվրոպական գոտու որակավորման խաղերի 5-րդ խմբում ընդգրկված են նաև Իսպանիան, Թուրքիան, Բելգիան, Բոսնիա-Հերցեգովինան և Էստոնիան:

Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ Յան Պոուլսենը հրապարակեց հավաքականի կազմում խաղալու հրավիրված այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հոկտեմբերին կայանալիք որակավորման խաղերից առաջ մարզումներ պետք է անցկացնեն: Նրա խոսքով` քանի որ նախորդ խաղերից հետո մրցաշարին մասնակցելու խնդիրները փոխվել են, ինքը հրաժարվել է վետերանների ծառայություններից: «Եկել է երիտասարդներին փորձարկելու ժամանակը: Ռոմիկն ու Կարենը, ճիշտ է, շատ փորձառու են, սակայն կորցրել են իրենց արագությունը»,- մեկնաբանեց նա:

Ինչևէ, Պոուլսենը որոշել է ավելի շատ ժամանակ տալ երկու մյուս վետերաններին` Սարգիս Հովսեփյանին և Համլետ Մխիթարյանին: Նա ասաց, որ «Այաքս» ֆուտբոլային ակումբում հանդես եկող հարձակվող Էդգար Մանուչարյանը չի հրավիրվել վնասվածքի պատճառով:
Պոուլսենը բողոքեց նաև առանցքային կիսապաշտպաններից մեկի` Արարատ Առաքելյանի խաղային պրակտիկայի պակասից, ով Դոնեցկի «Մետալուրգի» կազմում մեծ մասամբ պահեստային խաղացողների խմբում է ընդգրկված: «Եվ դա էլ ավելի է բարդացնում մեր խնդիրը»,- մեկնաբանեց մարզիչը:

Ֆուտբոլի ֆեդերացիայի և հավաքականի մարզչի միջև առկա տարաձայնության նշան կարելի է համարել վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, որով նա ըստ էության հերքեց հավաքականի առաջ նախապես դրված նպատակի հնարավոր փոփոխությունը, այսինքն` խմբային փուլից դուրս գալը:

Հրապարակումների համաձայն` «Մարզիչն իրավունք չուներ նման անպատասխանատու հայտարարություններ անել»:

Հայաստանը մինչ օրս 4 հանդիպում է անցկացրել Բելգիայի հետ, որոնցում «Կարմիր հրեշները» խաղթող են դուրս եկել 8:0 ընդհանուր հաշվով: Վերջին երկու պարտությունները Բելգիայից Հայաստանը կրել է Եվրո-2008-ի որակավորման մրցաշարում:

Բոսնիայի հետ հանդիպումը երկու երկրների առաջին խաղն է:

Բելգիա-Հայաստան` ԿԵԺ (կենտրոնական եվրոպական ժամանակ) 20.45 (կամ Երևանի ժամանակով` 23.45), հոկտեմբերի 11-ին:

Բոսնիա-Հայաստան` ԿԵԺ-ով 20.15 (կամ Երևանի ժամանակով 23.15), հոկտեմբերի 15-ին:

Հոկտեմբերի 8-ին ՖԻՖԱ-ն ներկայացրեց աշխարհի ազգային հավաքականների վարկանիշների նորացված աղյուսակը, ըստ որի` Հայաստանը նախորդի համեմատ 3 տեղով անկում է ապրել` իջնելով 101-րդ տեղը:

Իսպանիան շարունակում է գլխավորել 200 ազգային հավաքականների վարկանշային ցուցակը: Նրան հաջորդում են Իտալիան, Գերմանիան, Բրազիլիան և Նիդեռլանդները:

5-րդ խմբում Հայաստանի հետ ընդգրկված մրցակիցները վարկանշային աղյուսակում հետևյալ տեղերում են. Թուրքիա` 13-րդ, Բելգիա` 51-րդ, Բոսնյա և Հերցեգովինա` 75-րդ և Էստոնիա` 137-րդ:

(Աղբյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, www.fifa.com)

Բռնցքամարտ

IBF վարկածով չեմպիոնի տիտղոսը պաշտպանող հայազգի Արթուր Աբրահամի` հոկտեմբերի 4-ի մենամարտը Ռաուլ Մարկեսի հետ հետաձգվեց չեմպիոնի` հարբուխով հիվանդանալու պատճառով:

Ինչպես հաղորդվում է, Աբրահամի մոտ ախտորոշվել է հարբուխ և այտուցված ավշահանգույցներ:

«Շատ եմ ցավում, բայց հարբուխն ինձ իրոք անակնկալի բերեց, և ինձ համար անհնարին է մենամարտել»,- ասել է Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկը:
Մարտը կայանալու է նոյեմբերի 8-ին: Վայրը անփոփոխ է` Բամբերգ, Գերմանիա:

Շախմատ

Միջազգային վարպետ Դավիթ Պետրոսյանը 11 հնարավորից հավաքելով 8,5 միավոր` Ուկրաինայում` Ալուշտա, «Աշուն 2008-1» մրցաշարում զբաղեցրեց առաջին տեղը:
Ըստ www.armchess.am-ի` մեկ այլ հայազգի շախմատիստ` Գևորգ Հարությունյանը, 7 միավորով կիսել է 3-4-րդ տեղերը:

Ալուշտայում կայացած մեկ այլ մրցաշարում («Աշուն 2008-3») Հարությունյանը 13 հնարավորից հավաքել էր 9,5 միավոր և կիսել էր 2-րդ-3-րդ տեղերը:

Այս մրցաշարերում Դավիթ Պետրոսյանը երկու անգամ լրացրել է Գրոսմայստերի նորմը:

Շախմատային նորությունների կայքէջը հաղորդում է նաև, որ Ղազախստանի Ալմաթիա քաղաքում 2008 թ. նոյեմբերի 7-8-ը տեղի կունենա աշխարհի բլից առաջնություն: Մրցաշարին մասնակցելու են 16 լավագույն խաղացողներ:

Մասնակիցների թվում է գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը (Հայաստան): Նրա մրցակիցներն են գրոսմայստերներ Մորոզևիչը, Ռուբլյովսկին, Սվիդլերը, Գրիշչուկը (Ռուսաստան), Իվանչուկը (Ուկրաինա), Ռաջաբովը (Ադրբեջան), Գելֆանդը (Իսրայել), Ջ. Պոլգարը (Հունգարիա), Տկաչիևը (Ֆրանսիա), Դոմինգես Պերեսը (Կուբա), Կաժգալեևը (Ղազախստան): Եվս 3 խաղացողի անուն հայտնի կդառնա ավելի ուշ:

Մրցանակային ֆոնդը կազմում է 280,000 շվեյցարական ֆրանկ, որից 64,000-ը տրվելու է հաղթողին: