Սպորտ. թեև «Հատիսը» պարտվեց հույների հետ պատասխան խաղում, «բասկետբոլային տոնը» կայացավ

Երևանի «Միկա» մարզադահլիճում, որը լեփ-լեցուն էր կանանց բասկետբոլի Եվրագավաթի խաղարկության 4-րդ տուրում, վերածնված Երևանի բասկետբոլի ակումբը` «Հատիսը», 87:79 հաշվով պարտվեց խմբի առաջատար «Աթինաիկոսին»:

«Հատիսի» համար (մրցաշարում` 2 պարտություն, 2 հաղթանակ), որը սկզբունքային պայքար էր մղում, այս խաղն ինչ-որ առումով հաղթանակ էր` հաշվի առնելով այն, որ հույներն առաջին խաղում ավելի քան 51 միավոր առավելությամբ պարտության էին մատնել հայկական ակումբին (105:54):

«Հատիսի»` սեփական հարկի տակ խաղի բոլոր 1160 տոմսերը նախօրոք վաճառվել էին, և բասկետբոլի ֆեդերացիան ստիպված լրացուցիչ տեղեր էր խնդրել` խաղի նկատմամբ մարզասերների հետաքրքրությամբ պայմանավորված: Սակայն նույնիսկ լրացուցիչ 50 տեղը, որ կազմակերպիչները տրամադրեցին, չբավարարեց, և երկրպագուները ստիպված էին տեղավորվել աստիճաններին և տրիբունաների միջանցքներում: 

Չնայած Աթենքի ակումբի հաղթանակին` խաղն անցավ լարված մթնոլորտում և ընդհանուր առմամբ հավասար պայքարում: Երկրորդ քառորդում «Հատիսի» խաղը չէր ստացվում, և թիմը պարտվում էր 11:28 հաշվով: Խաղակեսն ավարտվեց 44:49 հաշվով` հօգուտ հույների: Գիա Ղազանչյանի սաները երկրորդ խաղակեսում վերագտան իրենց խաղը և նույնիսկ մի պահ 8 միավորով առաջ անցան մրցակցից` առավելապես երեք միավորանոց նետումների շնորհիվ, որոնց մեծ մասը ճամայկացի խաղարկող Մաուրիտա Ռայդն էր կատարում:

Չորրորդ տուրից հետո «Հատիսն» ունի 6 միավոր և շարունակում է չորս թիմերից բաղկացած F խմբում զբաղեցնել երրորդ հորիզոնականը: Խմբում ընդգրկված են նաև «Բեշիկթաշ» (Թուրքիա, Ստամբուլ) և «Չևակատա» (Ռուսաստան, Վոլոգդա) ակումբները:

Խաղից հետո` մամուլի ասուլիսի ժամանակ, «Աթինաիկոսի» գլխավոր մարզիչ Գեորգիոս Դիկեուլակոսը բարձր գնահատեց հայկական կողմի ջերմ ընդունելությունը: 

«Դա ավելի կարևոր է, քան բասկետբոլը։ Չնայած առաջին տուրում տոնած խոշոր հաղթանակին, մենք գիտակցում էինք, որ այսօր դժվար է լինելու։ Զարմացել ենք ձեր թիմի նկատմամբ դահլիճի նման աջակցությունից,- ասաց Դիկեուլակոսը։ - Չեմ կարող ասել, որ մենք ավելի ուժեղ ենք, ուղղակի «Հատիսը» պարտվեց մանրուքներում, իսկ մենք ավելի փորձառու էինք»:

«Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանի խոսքով` հակառակորդն ուժեղ էր և արժանի հաղթանակ տարավ:

«Ինչպես ասում են` գլխից վեր չես թռչի։ Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք առաջ անցանք, դեռ ոչինչ որոշված չէր: Այսօրվա դրությամբ նրանք (հունական ակումբը), իրոք, ավելի ուժեղ են։ Նրանք նաև Հունաստանի առաջնությունում ընթանում են առաջին տեղում ու ոչ մի պարտություն չեն կրել»,- ասաց նա։

Ղազանչյանը հավելեց. «Ուզում եմ նշել, որ այսօր մեծ բասկետբոլային տոն է Հայաստանում, ու դա ավելի կարևոր է»։

«Հատիսի» գլխավոր մարզիչն ակնկալում է, որ դեկտեմբերի 17-ին սեփական հարկի տակ «Բեշիկթաշի» հետ հանդիպումը վճռական կլինի, որից հետո կպարզվի, թե որ երեք թիմերն են դուրս գալու Եվրագավաթի խաղարկության 1/16 փուլ:

F խմբի մյուս հանդիպումում հինգշաբթի «Բեշիկթաշը» 81:80 հաշվով հաղթեց Վոլոգդայի «Չևակատային»:

Հինգերորդ տուրում` հաջորդ խաղը «Հատիսը» կանցկացնի Ռուսաստանում դեկտեմբերի 10-ին: