Ըստ «Հատիսի»` Ռուսաստանում իրենք պարտվել են կողմնակալ մրցավարության պատճառով

Երևանի «Հատիս» կանանց բասկետբոլի ակումբը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել 2009/2010 Եվրոպայի գավաթի որակավորման խաղերի F խմբում` այս անգամ արդեն Ռուսաստանի հյուսիսային Վոլոգդա քաղաքում տեղի ունեցած խաղի ժամանակ: Տեղի «Չևակատա» բասկետբոլի թիմի հետ խաղում հայկական թիմը 91:82 հաշվով պարտվեց, իսկ «Հատիսի» մարզիչները բողոքում էին մրցավարների կողմնապահությունից:

Առաջին խաղակեսը 48:30 հաշվով պարտվելուց հետո երկրորդ խաղակեսում հայերը բարելավեցին իրենց վիճակը, սակայն չկարողացան հասնել ռուսներին: Ի տարբերություն այս խաղի` Գիա Ղազանչյանի թիմը 103:99 հաշվով պարտության էր մատնել «Չևակատային», երբ ռուսական թիմը անցյալ ամիս Երևանում էր:

Ճամայկացի Մաուրիտա Ռեյդը Վոլոգդայի խաղի ժամանակ 22 միավոր է բերել թիմին, իսկ ուկրաինուհի Աննա Զարիցկան և սերբուհի Բոյանա Վուլիչը` համապատասխանաբար, 18 և 15 միավոր:

Այդուհանդերձ, «Հատիսի» ղեկավարությունը կարծում է, որ «Չևակատան» հաղթել է խաղի մրցավարների կողմնակալ վերաբերմունքի պատճառով: «Նման մրցավարություն չէր եղել ո´չ Աթենքում, ո´չ Ստամբուլում, որտեղ «Հատիսը» նույնպես բախվել էր կողմնակալության»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում www.hatis.am տեղադրված հայտարարության մեջ:

«Հատիս»-«Չևակատա» հանդիպման տեսագրությունը կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ, որպեսզի հայ երկրպագուները «տեսնեն, թե որքան վատն էր մրցավարությունն այս խաղում»:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը նույնպես խաղը «աղաղակող անարդարություն է» որակել: «ԱրմենիաՆաուի» հետ հեռախոսային զրույցում նա ասել է, քանի որ թիմը խաղում էր Վոլոգդայում, նրանք պարզապես չէին կարող դրական արդյունք ունենալ և դատապարտված էին պարտության: «Ես իմ կյանքում երբևէ չեմ տեսել նման խայտառակ մրցավարություն: Ամեն ինչ արվում էր շատ բացահայտ` առանց իրենց «նախապատվությունն» անգամ քողարկելու: Եվ, անկասկած, ամեն ինչ արվում էր «Չևակատայի» հաղթանակն ապահովելու համար: Ռումինացի և մոլդովացի մրցավարները հիանալի էին համագործակցում և պարզապես սպանեցին խաղը»,- ասում է Ռոստոմյանը:

«Ես միշտ փորձում եմ հասկանալ պարտության պատճառները, սակայն սա այն դեպքը չէ, երբ պետք է լուռ մնալ: Տեղի ունեցածը բոլոր սահմաններից վեր է»,- ասում է Ռոստոմյանը` հավելելով, որ Հայաստանի ֆեդերացիան արդեն իր դժգոհությունն է հայտնել Եվրոպայի բասկետբոլի ղեկավարությանը` FIBA-ին: (Հարկ է նշել, որ «Չևակատայի» սեփականատերը հայ գործարար Արկադի Պողոսյանն է:)

F խմբի որակավորման մեկ այլ խաղում հինգշաբթի «Սոնի Աթինաիկոսը» (Աթենք, Հունաստան) 81:60 հաշվով պարտության է մատնել «Բեշիկթաշին» (Ստամբուլ, Թուրքիա)` պահպանելով F խմբում առաջատարի իր դիրքը:

Չնայած վերջին պարտությանը` F խմբի որակավորման խաղարկությանը մասնակցող 4 թիմերի շարքում «Հատիսը» դեռ ընթանում է երրորդ տեղում:

Հինգ փուլից հետո «Հատիսն» ունի 6 միավոր, իսկ առաջատարներն են հունական «Սոնի Աթինաիկոսը» (12 միավոր) և թուրքական «Բեշիկթաշը» (9 միավոր): «Չևակատան» 4-րդ տեղում է` 5 խաղից ընդամենը մեկ հաղթանակ տանելով:

«Հատիսի» հաջորդ խաղը «Բեշիկթաշի» հետ (F խմբի որակավորման վերջին խաղը) տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ին` Երևանում: Տանտերերը որակավորման հաջորդ խումբ անցնելու համար պետք է հաղթեն:

Սպասվում է, որ ինչպես այս մրցաշրջանի «Հատիսի» բոլոր խաղերի, այնպես էլ գալիք խաղի տոմսերը լավ կվաճառվեն` հաշվի առնելով Հայաստանում «բասկետբոլի բումը»` կապված Եվրոպայի գավաթի խաղարկությունում հայկական թիմի հաջող խաղերի հետ (և ոչ միայն այն պատճառով, որ հակառակորդ թիմը թուրքեր են):