Բասկետբոլ. չնայած խմբային փուլում անհաջող մրցելույթներին` «Հատիսն» անցնում է ՖԻԲԱ-ի եվրագավաթի խաղարկության փլեյ օֆ

Կանանց բասկետբոլի թիմ «Հատիսն» անցավ ՖԻԲԱ-ի եվրագավաթի ընթացիկ խաղարկության փլեյ օֆ մրցափուլ` չնայած F խմբում կրած բոլոր չորս պարտություններին:


Պարտությունները (այդ թվում` «Էլիտզուր-Ռամլայի» (Իսրայել) և Նովոսիբիրսկի (Ռուսաստան) «Դինամո-ԳՈՒՎԴ»-ի հետ արտագնա և սեփական հարկի տակ խաղերում) չխանգարեցին փլեյ օֆ անցնել թիմին, որը մյուս խմբերի հետնապահներին գերազանցեց բաց թողած և իր ակտիվում գրանցած գնդակների տարբերությամբ (270/339):

Նման որակավորումը, սակայն, քիչ հույս է թողնում «Հատիսին» հաղթահարելու 1/16-րդ մրցափուլը, քանի որ փլեյ օֆ-ում վատագույն արդյունք ցույց տված թիմերն իրենց ուժերը պետք է չափեն ուժեղագույնների հետ:

Փլեյ օֆի առաջին խաղը կանցկացվի դեկտեմբերի 16-ին:

Հինգշաբթի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը լրատվամիջոցներին ասել է, թե հուսով է, որ թիմը կբարելավի խաղամակարդակը, քանի որ «Հատիսը» համալրվել է ուժեղ խաղացողներով: «Այս տարվա կազմը բասկետբոլիստուհիների անհատական վարպետության առումով ավելի ուժեղ է, քան անցյալ մրցափուլում: Բայց խաղադաշտում թիմային խաղը դեռ հղկված չէ: Դրա համար էլ ժամանակ է հարկավոր»,- PanArmenian.Net-ի հաղորդմամբ` ասել է Ռոստոմյանը:

Եվրոպական մրցաշարերում «Հատիսն» իր առաջնելույթը հաջողությամբ պսակեց` 2009-2010 թթ. հանդես գալով ՖԻԲԱ-ի եվրագավաթի խաղարկությունում: Թիմը, խմբային փուլում հաղթանակ տանելով Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների նկատմամբ, անցավ փլեյ օֆ: Սակայն պարտվեց Օրենբուրգի (Ռուսաստան) «Նադեժդա» թիմին և դուրս մնաց 1/16-րդում հետագա պայքարին մասնակցելու հնարավորությունից:

Եվրագավաթի ընթացիկ խաղարկության խմբային մրցափուլի արդյունքներին և մրցաշարային աղյուսակին ծանոթանալու համար այցելե´ք ՖԻԲԱ-ի կայքը: http://www.fibaeurope.com