Բասկետբոլ. ՖԻԲԱ-ի Եվրագավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչի առաջին մրցավեճում «Հատիսը» զիջում է մոսկովյան թիմին

Հայաստանի կանանց բասկետբոլի ակումբ «Հատիսը» շարունակում է առանց հաղթանակների մրցաշրջանը և հինգշաբթի ՖԻԲԱ-ի Եվրագավաթի խաղարկության փլեյ օֆ փուլում հերթական պարտությունը կրում:


Երևանում հյուրընկալելով Մոսկվայի «Դինամոյին»` «Հատիսը» (նոր մարզչի` Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ և ուկրաինացի նորեկ, Մոսկվայի «Դինամոյի» նախկին խաղացող, բասկետբոլիստուհի Արինա Մարկոտենկոյի մասնակցությամբ) 62:57 հաշվով զիջեց մրցակցին:

Պատասխան հանդիպումը կանցկացվի դեկտեմբերի 22-ին Մոսկվայում: 1/8-րդ եզրափակիչ անցնելու համար «Հատիսին» անհրաժեշտ է ավելի քան 5 միավոր առավելությամբ հաղթել մրցակցին:

Որակավորման փուլում F խմբում (որում հանդես էին գալիս նաև Իսրայելի «Էլիտզուր Ռամլայը» և Նովոսիբիրսկի (Ռուսաստան) «Դինամո-ԳՈՒՎԴ»-ն) ընդգրկված «Հատիսը» պարտվեց բոլոր չորս խաղերում: Սակայն «Հատիսն» անցավ փլեյ օֆ` որակավորման բարդ համակարգի շնորհիվ, ըստ որի` խմբերի հետնապահների շարքում «ավելի լավ» արդյունքներ ցույց տված թիմերը հնարավորություն են ստանում իրենց ուժերը չափելու 1/16-րդ եզրափակչում: