Բասկետբոլ. «Հատիսը» եզրափակում է իր համար անհաջող մրցաշարը Մոսկվայում պարտությամբ

Հայաստանի կանանց բասկետբոլի «Հատիս» թիմը, այս մրցաշրջանում 6-րդ անընդմեջ պարտությունը կրելով, դուրս մնաց ՖԻԲԱ-ի 2010-2011 թթ. Եվրագավաթի խաղարկության մրցաշարից:


Չորեքշաբթի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում երևանյան ակումբը «Դինամոյի» հետ պատասխան հանդիպմանը 94:63 հաշվով պարտվեց մրցակցին: Եվրագավաթի 1/16-րդ եզրափակչի առաջին հանդիպումը, որը կայացել էր անցյալ շաբաթ Երևանում, նույնպես ավարտվել էր մոսկվացիների օգտին (62:57):

Երկրորդ տարին է, որ «Հատիսին» չի հաջողվում հաղթահարել եվրոպական մրցաշարի փլեյ օֆի մեկնարկային փուլը: Սակայն նախորդ` 2009-2010 մրցաշրջանի համեմատությամբ նույնիսկ փլեյ օֆ դուրս գալու համար որակավորման փուլը երևանյան ակումբի համար այս տարի արտառոց էր:

Խմբային փուլի բոլոր չորս հանդիպումներում «Հատիսը» պարտություն կրեց, սակայն կարողացավ անցնել փլեյ օֆ` որպես «ամենապակաս վատագույն» թիմ (ըստ ՖԻԲԱ-ի այս տարվա որակավորման բարդ համակարգի):

Թիմի անհաջող մրցելույթները այս ամսվա սկզբին հանգեցրին գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանի հրաժարականին: Ցայսօր նրա օգնական Վարդան Խաչատրյանն է գլխավորում թիմը: