Նախնյաց երկրում. Լոս Անջելեսի հայ բասկետբոլիստները տոնում են Երևանում ձեռք բերած հաջողությունը

Լոս Անջելեսից (ԱՄՆ) Կարլ Բարդակյանը երկու անգամ (1999 և 2001 թթ.) «Վելի» թիմով հաղթել է համահայկական խաղերում: Ազգային ուսանողական մարզական ընկերակցության (NCAA) բասկետբոլի առաջին դիվիզիոնի մարզչի օգնականը տասը տարի անց արդեն որպես մարզիչ վերադարձել էր Հայաստան սփյուռքի թիմի հետ նվաճելու չեմպիոնի գավաթը:

Բասկետբոլն այն տասը մարզաձևերից էր, որում աշխարհի տարբեր երկրներից հայ մարզիկները եկել էին մրցելու համահայկական 5-րդ խաղերում, որոնք անցկացվեցին օգոստոսի 13-21-ը Երևանում: Միջոցառմանը մասնակցում էին աշխարհի ավելի քան 3200 մարզիկ մոտ 100 քաղաքներից, այդ թվում` Լոս Անջելեսից, որտեղ մեծ թվով սփյուռքահայեր կան: Բասկետբոլի մրցաշարը, հատկապես եզրափակիչը, որում իրենց ուժերն էին չափում Բարդակյանի սաները և Ռուսաստանի Սոչիի ներկայացուցիչները (որոնք, ի դեպ, կիսաեզրափակչում պարտության էին մատնել գլենդենցիներին), շատերի կարծիքով` համահայկական խաղերի ամենադիտարժան մրցապայքարն էր:

Այս առաջնությունում մեծ հետաքրքրություն առաջացրած խաղը արբանյակային հեռուստատեսությամբ ուղիղ եթերով հեռարձակվում էր Հայաստանում և սփյուռքում: Երևանի «Միկա» մարզասրահում հավաքվել էին հարյուրավոր երկրպագուներ, այդ թվում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Լոս Անջելեսի տղամարդկանց բասկետբոլի թիմը լրացուցիչ ժամանակում 93:86 հաշվով առավելության հասավ Սոչիի թիմի նկատմամբ և նվաճեց չեմպիոնի կոչումը, որի համար պայքարում էին երկու տասյակ թիմ, որոնք ներկայացնում էին Հայաստանը, Ղարաբաղը, Ռուսաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Կանադան, Սիրիան, Եգիպտոսը, Վրաստանը, Թուրքիան, Արգենտինան, Ֆրանսիան, Լիբանանը, Իրանը և ԱՄՆ-ը:

Բարդակյանը, որը Փասադենայում (Կալիֆորնիա) գտնվող CTB Wireless ընկերության նախագահն է և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում ԱՄՆ ներկայացուցիչը, ասել է, որ հաճելի պահեր է ապրել Հայաստան վերադառնալով որպես մարզիչ:

«Անկասկած, համահայկական 5-րդ խաղերն ամենայն բծախնդրությամբ կազմակերպվածն էին` սկսած բացման գրավիչ արարողությունից մինչև բուն մրցաշարը»,- ասել է նա «ԱրմենիաՆաուին» Լոս Անջելես վերադառնալուց հետո:

40-ամյա Բարդակյանն ասում է, որ օգոստոսի 21-ի երեկոյան տեղի ունեցած առաջնության խաղից առաջ նա ասել է իր թիմին, որ նրանք լավ հնարավորություն ունեն արժանանալու նախագահ Սարգսյանի ուշադրությանը: «Նույն վիճակում եղել եմ որպես խաղացող 10 տարի առաջ, երբ չեմպիոնի տիտղոսի համար, նորից Սոչիի թիմի դեմ, մեր դիմակայությունն էր եկել դիտելու նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ես կարողացա վերապրել այդ մեծ զգացողությունը մեկ անգամ ևս, միայն թե այս անգամ արդեն որպես հայ բասկետբոլիստների մի շատ լավ խմբի մարզիչ»,- հիշում է նա:

Բարդակյանն ու այլք առանձնացրել են Լոս Անջելեսի թիմի ավագ Մայք Դանիելյանի մրցելույթը, որը հույս ունի պայմանագիր կնքել եվրոպական կամ այլ երկրի պրոֆեսիոնալ բասկետբոլի ակումբի հետ: (Բասկետբոլիստը թե´ Հայաստանի և թե´ ԱՄՆ քաղաքացի է:)

«Մայք Դանիելյանն ամբողջովին նվիրված և կենտրոնացած էր Հայաստանում իր թիմի հաղթանակի վրա: Ուրախ եմ, որ Հայաստանում նրա բարեկամները կարողացան ականատես լինել եզրափակչում նրա դիտարժան 49 միավորանոց մրցելույթին: Դանիելյանը վաստակեց իր տեղը համահայկական խաղերի բասկետբոլի պատմությունում: Խորապես համոզված եմ, որ Մայքը կարող է խաղալ եվրոպական պրոֆեսիոնալ թիմում: Նրան ընդամենը պետք է հնարավորություն տալ»,- ասել է Բարդակյանը:

Ոսկե մեդալ նվաճած թիմի մյուս անդամներն էին Արթին Աջամյանը, Արետ Աքբորկը, Վահրամ Ամայակյանը, Զաք Արմենը, Արա Դեմիրջյանը, Կևորկ Դեմիրջյանը, Էրիկ Հալեջյանը, Անդրեյ Դանիել Օզտեմելը և Արա Վարդանյանը: Մարզչի օգնականներն էին Գլենդելի քոլեջի բասկետբոլի մարզչի օգնական Զորիկ Իսաջանն ու «Նյու Յորքի-Նյու Ջերսիի հայկական եկեղեցիներ» մարզական ընկերակցության բասկետբոլի ներկայացուցիչ Լևոն Ալթիպարմաքյանը:

Թեև հաղթողները հպարտ էին մրցաշարում ձեռք բերած իրենց հաջողությամբ, սակայն նշել են նաև, որ Երևանում թեժ մրցակցության են հանդիպել:

Goldman Sachs ամերիկյան բանկի աշխատակից 26-ամյա Զաք Արմենն ասել է, որ ութ օրում յոթ խաղ անցկացնելը ֆիզիկապես շատ դժվար էր, և հանդիպումներից ոչ մեկն էլ «խաղուպար» չէր: Երկու նախորդ համահայկական խաղերին մասնակցած բասկետբոլիստն ասում է, որ նախկինում էլ Հայաստանում եղած սակավաթիվ մարզիկները մեծ դեր խաղացին թիմի վերջնական հաջողությունում:

«Բացման արարողությունն այնքան ճոխ էր ու շքեղ: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էի քայլում մարզադաշտում և տեսնում լույսերը, տեսախցիկներն ու հազարավոր մարդկանց, որոնք ձեռքով էին անում: Թվում էր` մի ողջ ազգ է դիտում, այն ուներ ուժ և էներգիա, որը, անշուշտ, այս տարի ավելի զգալի էր»,- ասում է մարզիկը:

Ի տարբերություն իր թիմակցի` Անդրեյ Դանիել Օզտեմելն առաջին անգամ էր այցելում իր նախնիների երկիրը:

Իթաքայի քոլեջի «Բիզնես և ֆինանսներ» ֆակուլտետի ուսանողն ասում է. «Այս մշակույթին պատկանելու հպարտության զգացողությունն ապշեցուցիչ էր, ինչպես նաև տեսնելը քո ընտանիքի պատմությունը, թե որտեղից են նրանք եկել. դա մի բան է, որ, կարծում եմ, յուրաքանչյուրը պետք է վերապրի կյանքում: Շատ բախտավոր եմ, որ հանդիպեցի ու խաղացի տղաների հոյակապ խմբի հետ և հետամուտ եղա իմ առաջին համահայկական խաղերում ոսկե մեդալի նվաճելուն: Այս փորձառությունը, անշուշտ, երբեք չեմ մոռանա»: