Բասկետբոլ. 2011 թ. համահայկական խաղերի աստղը պայմանագիր է կնքում Գերմանիայի պրոֆեսիոնալ թիմում հանդես գալու համար

Այս տարի ավելի վաղ Երևանում վերջին համահայկական խաղերի բասկետբոլի մրցաշարում իրեն փայլուն դրսևորած Մայք Դանիելյանը պատրաստվում է պրոֆեսիոնալ կարիերա սկսել` պայմանագիր կնքելով Գերմանիայի թիմի հետ:

Ըստ Լոս Անջելեսից ստացված մամուլի հաղորդագրության` 24-ամյա մարզիկը հանդես կգա Վոլֆենբյութել քաղաքը ներկայացնող թիմում:

Դանիելյանն առաջին անգամ աչքի է ընկել Վան Նայզի (Կալիֆորնիա) «Գրանտ» ավագ դպրոցում. նա երկու անգամ ընդգրկվել է Լոս Անջելեսի համաքաղաքային թիմում: Ուսանողական տարիներին մեկ խաղում Դանիելյանը միջինում վաստակում էր 30.3 միավոր, որն ամենաբարձր ցուցանիշն էր Հարավային Կալիֆորնիայի թիմերում հանդես եկող բասկետբոլիստների շրջանում: Նա նաև մեկ խաղում վաստակել է 58 միավոր, որով ռեկորդ է սահմանել «Գրանտ» ավագ դպրոցի մեկ խաղում վաստակած միավորների թվով` այդ կերպ շրջանցելով նախկին ռեկորդակրին` NBA-ում հանդես եկող Ջիլբերտ Արենասին:

Դանիելյանը նաև ընդգրկվել է «Ազուսա Փասիֆիք» համալսարանի 2010 թ. NAIA-ի (Միջհամալսարանական մարզական ագային ընկերակցություն) եզրափակիչ թիմում:

Օգոստոսին Երևանում կայացած 5-րդ համահայկական խաղերում Դանիելյանն ամենաարդյունավետ խաղացողն է համարվել` եզրափակչում Սոչիի թիմի հետ խաղում վաստակելով 49 միավոր և իր թիմի համար ապահովելով ոսկե մեդալ: