Բասկետբոլ. 2014 թ. Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել C դիվիզիոնի Եվրոպայի առաջնությունը

Գալիք տարվա Եվրոպայի C դիվիզիոնի բասկետբոլի առաջնությունը կանցկացվի Հայաստանում. այս տեղեկությունն անցյալ շաբաթ հաստատեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Նման մտադրության մասին առաջին անգամ հայտնի դարձավ տղամարդկանց ազգային թիմի՝ անցյալ ամիս Երևանում անցկացրած ճամբարի ժամանակ:

Մի խումբ ամերիկահայ բասկետբոլիստներ՝ թիմի մարզիչ Կարլ Բարդաքյանի գլխավորությամբ 10 օր են անցկացրել Հայաստանում օգոստոսի սկզբին՝ միանալով որոշ տեղացի մարզիկների: Այս ուսումնամարզական հավաքի հիմնական նպատակն էր նախապատրաստվել հաջորդ տարվա հունիսին տեղի ունենալիք մրցաշարին:

Բացի Հայաստանից, գալիք տարվա առաջնությանը կմասնակցեն նաև Անդորրայի, Մոլդովայի, Շոտլանդիայի, Ուելսի, Սան Մարինոյի, Մալթայի և Գիբրալթարի հավաքականները:

Ըստ մարզիչ Բարդաքյանի՝ Հայաստանի նպատակն է հաջողությամբ մրցակցել մեդալի համար:

«Մեր թիմի անդամները լի են նվիրվածությամբ: Նրանք գիտակցում են այն մեծ պատիվը, որ նրանց է տրվել՝ խաղալու Հայաստանի եռագույնի ներքո: Մենք պատրաստ կլինենք մրցակցել սկզբից մինչև վերջ»,- ընդգծել է 42-ամյա մասնագետը, ում ղեկավարությամբ Լոս Անջելեսի տղամարդկանց բասկետբոլի թիմը հիշարժան հաջողության է հասել 2011 թ. Երևանում անցկացրած համահայկական խաղերում:

Վերջին անգամ եվրոպական մակարդակի բասկետբոլը Հայաստանում հյուրընկալվեց 2009-2010 թթ., երբ երկար ընդմիջումից հետո ասպարեզում նորից հայտնվեց խորհրդային ժամանակաշրջանում հաջողությամբ հանդես եկած կանանց «Հատիս» ակումբը: Եվրալիգայում «Հատիսի» անցկացրած հանդիպումները մեծ ոգևորություն առաջացրին Հայաստանում բասկետբոլի երկրպագուների շրջանում:

Այժմ էլ տղամարդկանց հավաքականի խաղացողներն են զգում, որ եկել է իրենց հերթը՝ տեղացի երկրպագուներին ոգեշնչելու: Բայց մինչ այդ նրանք խոստովանում են, որ իրենք էլ են ոգեշնչվում երկրպագուների կողմից:

«Մեր քրտնաջան աշխատանքը ուսումնամարզական հավաքի ժամանակ անպայման արդյունք կտա: Այն բասկետբոլի երկրպագուները, ում մենք հանդիպեցինք Երևանից մինչև Արցախ, իրոք ոգևորել են մեզ: Մենք անհամբեր սպասում ենք մյուս ամռանը»,- ասում է ազգային ընտրանու անդամներից Կարեն Սպենջյանը:

Իսկ թիմի ավագ Մայք Դանիելյանը հավելում է. «Մենք իրոք քրտնաջան աշխատեցինք… Ուսումնամարզական ճամբարը իսկապես միավորեց մեզ»: