Բռնցքամարտ. երկու ձախլիկներ` հայազգի «Կատաղի ցուլը» և մեքսիկացի «Թրթուրը», կմենամարտեն

WBC/WBA վարկածներով գերթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը լրջորեն պատրաստվում է պաշտպանել իր կոչումը շաբաթավերջին Կալիֆոռնիայում անցկացվելիք մրցամարտում:

Հայազգի «Կատաղի ցուլը» (32 հաղթանակ` 26 նոկաուտով, 2 պարտություն, 1 ոչ-ոքի) կվտանգի իր 115 ֆունտանոց գոտիները մեքսիկացի ժամանակավոր չեմպիոն Թոմաս Ռոխասի («Թրթուր» մականվամբ) հետ մրցամարտում, որը կկայանա դեկտեմբերի 12-ին Կալիֆոռնիայի Ռանչո Միրաժ քաղաքի «Ագվա կալիենտե» խաղասրահում:

Մի քանի առցանց լրատվական գործակալություններ հաղորդում են, որ 33-ամյա Դարչինյանը վերջերս Լաս Վեգասում մի քանի լուրջ սպարինգներ (մարզումների նպատակով մարտ) է ունեցել երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Զաբ Ջուդայի հետ: Ըստ Դարչինյանի` Ջուդան «ինչ-որ առումով նման է Ռոխասին, քանի որ երկուսն էլ ձախլիկ են և գրեթե նույն հասակի»:

«Լավ մարտ էր: Նա զգաց իմ մի քանի հուժկու հարվածների ծանրությունը,- Դարչինյանի խոսքերն է բեջբերում Boxingscene.com-ը: - Նա ինձնից գրեթե 15 կգ-ով ավելի էր, բայց զգաց իմ հարվածները: Քաշիս հետ կապված գրեթե խնդիրներ չունեմ և ինձ լավ եմ զգում: Նախկինում մրցել եմ այնպիսի բարձրահասակ ձախլիկ բռնցքամարտիկների հետ, ինչպիսին էր Իրենե Պաչեքոն»:

Դարչինյանը նախկին մրցամարտում պարտվեց IBF վարկածով թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ջոզեֆ Ակբեկոյին: 29-ամյա Ռոխասը վերջին անգամ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ էր տոնել Էվան Մբանբայի նկատմամբ, որը մինչ այդ երբեք չէր պարտվել:

Թեև Ռոխասը երկու տարուց ավելի իր մրցելույթներում պարտություն չի կրել (6 հաղթանակ` 1-ը` նոկաուտով, ոչ մի պարտություն)` բռնցքամարտի վերլուծաբանները ձախլիկների առաջիկա մրցամարտում բացարձակ առավելությունը տալիս են Դարչինյանին` հաշվի առնելով նաև նրա «մահացու» ձախ հուքը (կողքից կարճ հարված):

Թեև Ռոխասը 7,5 սմ-ով ավելի բարձրահասակ է և ավելի երկար ձեռքեր, քան Դարչինյանը, քիչ հավանական է, որ նա դրանից շատ օգտվի: Pro-Boxingfans.com-ը իր Preview & Predictions սյունակում գրում է, որ Դարչինյանը սրան կհակադրի «իր հուժկու ձախ հուքը, որով նա բազմաթիվ բռնցքամարտիկների է գետնին տապալել»:

Նույն աղբյուրի հաղորդմամբ` Ռոխասը «հավանաբար, տարվելով մարտով, կմոռանա պաշտպանության և իր մարտավարության մասին ու ծնոտին կզգա հայազգի բռնցքամարտիկի ձախ հուքը»: