Բռնցքամարտ. հայազգի մարզիկն առավելության է հասնում երկու ձախլիկների մրցամարտում

Շաբաթ հայազգի բռնցքամարտի չեմպիոն Վիկ Դարչինյանը, առաջին ռաունդում հաջողությամբ դիմակայելով մեքսիկացի հավակնորդ Թոմաս Ռոխասի գրոհներին, աշխարհի չեմպիոնի կոչման համար դրամատիկ պայքարի երկրորդ ռաունդում ծնոտին հասցրած ձախ հուքով նոկաուտի ենթարկեց մրցակցին` պահպանելով գերթեթև քաշային կարգում WBC/WBA չեմպիոնի գոտիները:

«Կատաղի ցուլ» Դարչինյանը (33 հաղթանակ` 27-ը նոկաուտով, 2 պարտություն, 1 ոչ-ոքի) ավելի բարձր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար անհաջող մրցելույթից հետո առաջին անգամ էր ռինգ դուրս գալիս: 52 կգ քաշային կարգում վտանգավոր մրցակցի հետ մենամարտը կազմակերպվեց դեկտեմբերի 12-ին Կալիֆոռնիա նահանգի Ռանչո Միրաժ քաղաքի «Ագվա Կալիենտե» խաղասրահում: Մեքսիկացի Ռոխասը (32 հաղթանակ` 22-ը նոկաուտով, 12 պարտություն, 1 ոչ-ոքի), որը հայտնի է «Թրթուր» մականվամբ, ապացուցեց իր բարձր կարգը 12 ռաունդանոց մրցամարտի սկզբնամասում:

Պետք է ասել, որ 29-ամյա Ռոխասն առաջին ռաունդում, օգտվելով իր բարձր հասակից և երկար ձեռքերից, որոշ չափով առավելության հասավ 34-ամյա վանաձորցի բռնցքամարտիկի նկատմամբ: Սակայն երկրորդ ռաունդում մեքսիկացին կարծես սպառեց իրեն, և Դարչինյանը, ինչպես և մասնագետները կանխատեսում էին, ավելի ուժեղ գտնվեց` ի վերջո լուծելով խաղի ելքը:

«Կատաղի ցլի» գրոհների ներքո Ռոխասը հայտնվեց պարանների մոտ և, ծնոտին ստանալով մրցակցի հուժկու ձախ հուքը, տապալվեց մրցագորգին ու քիչ էր մնում դուրս գլորվեր ռինգից:

«Ես սպասեցի, մինչև նոկաուտի պահը հասունանա: Ի պատասխան նրա գրոհներին` ավելի ուժգին հակահարված էի տալիս: Ընդամենը ժամանակի խնդիր էր, և նա զգաց հարվածիս ուժգնությունը»,- Դարչինյանի խոսքերն է մեջբերում DailyNews.com-ը: Երկրորդ ռաունդի 2:54-րդ րոպեին նոկաուտի ենթարկված Ռոխասն ասաց. «Ես կռվում էի և անում այն, ինչ պետք է անեի: Սակայն անզգույշ գտնվեցի և նույնիսկ չնկատեցի, թե ինչպես հարվածեց»:

Մրցամարտից հետո Դարչինյանը և նրա փրոմոութեր Գարի Շոուն խոսեցին Նոնիտո Դոների հետ ռևանշի մասին:

2007 թ. հուլիսին Դարչինյանը ցավալի պարտություն էր կրել «Կայծ» մականվամբ Դոներից (22 հաղթանակ` 14-ը նոկաուտով, 1 ոչ-ոքի), որը, 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով հայազգի բռնցքամարտիկին, զրկեց նրան թեթևագույն քաշային կարգում IBF և IBO վարկածներով չեմպիոնի գոտիներից:

Ըստ մեկնաբանների` նման ռևանշը, որը հնարավոր է կազմակերպվի արդեն գալիք տարվա ամռանը, ամենայն հավանականությամբ բռնցքամարտի սիրահարների շրջանում մեծ հետաքրքրություն կառաջացնի: