Զայրացած բռնցքամարտիկը. «Կատաղի ցուլը» շարունակում է հաղթարշավը պրոֆեսիոնալ բռնցքամարտում` կրկին պաշտպանելով չեմպիոնի կոչումը

Շաբաթ երեկոյան հաղթանակ տանելով մեքսիկացի հավակնորդի նկատմամբ և պաշտպանելով գերթեթև քաշային կարգում WBC և WBA վարկածներով չեմպիոնի գոտին` փորձառու հայազգի բռնցքամարտիկն ասաց, որ պատրաստվում է մեծացնել խաղադրույքները` անցնելով ավելի բարձր քաշային կարգ կամ փորձելով ռևանշի հասնել իր ոխերիմ թշնամի ֆիլիպինցի բռնցքամարտիկի հետ:

Մեքսիկացի երիտասարդ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ռոդրիգո Գերերոյի (13 հաղթանակ` 9-ը նոկաուտով, 2 պարտություն, 1 ոչ-ոքի) հետ 12 ռաունդ տևած ողջ մրցամարտի ընթացքում Վիկ Դարչինյանը (34 հաղթանակ` 27-ը նոկաուտով, 2 պարտություն, 1 ոչ-ոքի) վստահ հանդես եկավ:

Կալիֆորնիայում` Ռանչո Միրաժի «Ագվա կալիենտե կազինո»-ում կազմակերպված մրցամարտի, հատկապես, վերջնամասում Դարչինյանը 22-ամյա «Գաթիտոյին» ձախից բազմաթիվ արագ հարվածներ և օպերկոտներ հասցրեց, ինչն էլ ստիպեց մրցավարներին միաձայն հաղթանակը շնորհել հայազգի բռնցքամարտիկին:

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից 34-ամյա վանաձորցի «Կատաղի ցուլը» երրորդ անգամ հաջողությամբ պաշտպանեց 2008 թ. միավորած իր գոտիները:

Մենամարտից հետո նա ըստ արժանվույն գնահատեց իր երիտասարդ մրցակցին, որն այն սակավաթիվ բռնցքամարտիկներից էր, ով մենամարտեց Դարչինյանի հետ մինչև մրցամարտի ավարտը, քանի որ հայտնի է, որ հայազգի բռնցքամարտիկը նախընտրում է խաղն ավարտել նոկաուտով: Նա ընդամենը երկրորդ բռնցքամարտիկն էր Դարչինյանի պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում (14 մենամարտ է ունեցել չեմպիոնի կոչումը պաշտպանելու համար), որին հաջողվեց 12 ռաունդ դիմադրել «Կատաղի ցլին»:

«Այս տղան ծանր հարվածներ ստացավ,- մրցամարտից հետո ասել է Դարչինյանը: - Ես հարգում եմ նրան: Ծանր հարվածներ ստացավ և 12 ռաունդ դիմացավ: Կարծում էի` կտապալեմ նրան, բայց չկարողացա»:

Փորձառու բռնցքամարտիկը կարծես պահում է իր նոկաուտները ռևանշի համար, որին նա փորձում է հասնել 2007 թ. ի վեր, երբ անակնկալ պարտություն կրեց հավակնորդ Նոնիտո Դոներից: Դա առաջին պարտությունն էր, որ Դարչինյանը կրեց իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, և, ոմանց կարծիքով, ֆիլիպինցու բախտը պարզապես բերեց, որը, օգտվելով փոքր հնարավորությունից, կարողացավ ձախ կողային հարվածը հասցնել նպատակին:

Վանաձորցի բռնցքամարտիկն ավելի շատ մրցամարտեր ունեցավ կորցրած կոչումները հետ բերելու համար և ավելի շատ գոտիներ նվաճեց` տապալելով երեք աշխարհի չեմպիոնների` Դմիտրի Կիրիլովին, Քրիստիան Միխարեսին և Ժորժե Արսեին (բոլորին էլ տպավորիչ նոկաուտներով հաղթեց): Այնուհետև Դարչինյանը անհաջող փորձ կատարեց տեղափոխվել թեթևագույն քաշային կարգ (51-53,5 կգ): Հայազգի բռնցքամարտիկը, վերադառնալով նախկին քաշային կարգ` 52 կգ, անցյալ տարվա դեկտեմբերին պաշպանեց իր կոչումները մեքսիկացի հավակնորդ Թոմաս Ռոխասի հետ մրցամարտում:

Նախքան վերջին մրցամարտը Դարչինյանը կրկին բարձրաձայնեց Դոների հետ ռևանշի առնչությամբ իր մտադրության մասին: Նա ձգտում է ևս մի հնարավորության` ապացուցելու, որ ինքն ավելի ուժեղ է, սակայն Դոները դեռ չի պատասխանել Դարչինյանի մարտահրավերին: «Նա այլևս երբեք չի ցանկանա մրցամարտել ինձ հետ... Գիտի, թե ինչ կլինի իրեն: Ես եմ դարձրել նրան այն, ինչ կա այժմ, և երբ մենամարտեմ նրա հետ, ես նրան ջարդուփշուր կանեմ և ձեռնունայն կթողնեմ»,- ասել է Դարչինյանը վերջերս լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Մարտի 6-ին չեմպիոնի կոչումը պաշտպանելուց հետո Դարչինյանը զգուշացրեց, որ սա Դոների համար վերջին հնարավորությունն է պատասխան տալու:

«Գիտեմ, որ շատ հզոր եմ: Ուզում եմ առաջ գնալ, հաղթել չեմպիոններին: Բացի այդ, եթե Դոների հետ չմենամարտեմ, կցանկանայի, որ այս տղան (Գերերոն) կռվեր նրա հետ: [Դոները] կտեսնի, թե նա (Գերերոն) ոնց իր հախից կգա: Չեմ կարծում, թե հետս կմենամարտի: Նա վախեցած է: Չի ցանկանա»,- ըստ մի քանի բռնցքամարտի լրատվամիջոցների` ասել է հայազգի մարզիկը:

Անցյալ տարի հուլիսին Դարչինյանն անհաջող մրցելույթ ունեցավ թեթևագույն քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն Ջոզեֆ Ակբեկոյի (53,5 կգ) հետ, որին պարտվեց միավորներով: