Շախմատի աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակները (այդ թվում` ԱՄՆ-ի նկատմամբ) և ցավալի պարտությունները

Թուրքիայի Բուրսա քաղաքում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանը նախավերջին տուրում հաղթեց ԱՄՆ-ի ուժեղ հավաքականին: Մինչ այդ Հայաստանի ընտրանին պարտության էր մատնել ուժեղ թիմերից մեկին` Իսրայելին, ոչ-ոքի խաղացել հզոր հավաքականներ Ռուսաստանի և Հնդկաստանի հետ, հաղթել պատմական թշնամի Թուրքիային (ֆուտբոլի հավաքականի պարտությունից հետո, ինչ-որ առմումով, ռևանշի հասել), սակայն ցավալիորեն պարտվել Ադրբեջանի ընտրանուն:

Երեքշաբթի Հայաստան-ԱՄՆ մրցամարտում հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա պարտության մատնեց Նակամուրա Հիկարույին, իսկ Արոնյանի թիմակիցները ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ` 2,5:1,5 հաշվով հաղթանակ բերելով Հայաստանին:

Այսօր կանցկացվի առաջնության վերջին տուրը: 17,5 միավորով Հայաստանը տասը թիմերի շարքում 5-րդն է: Առաջատարը Ռուսաստանն է` 21 միավորով, որին հաջորդում են ԱՄՆ-ը (19,5 միավոր), Ադրբեջանը (20,5 միավոր) և Հնդկաստանը (17,5 միավոր): Վերջին տուրում Հայաստանի մրցակիցը Եգիպտոսն է: Մյուս զույգերն են` Ադրբեջան-ԱՄՆ, Իսրայել-Ռուսաստան, Բրազիլիա-Հնդկաստան և Հունաստան-Թուրքիա:

Առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, որը ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում ներկայումս զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը, որոնք խաղում են երկրորդից չորրորդ խաղատախտակների վրա, ինչպես նաև երկու պահեստային խաղացողներ` Տիգրան Լ. Պետրոսյանը և Տիգրան Քոթանջյանը: Ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի փայլուն ելույթները ստվերեցին անսպասելի ձախողումները: 2006 և 2008 թթ. շախմատի օլիմպիական չեմպիոն Հայաստանի հավաքականն առաջին տուրում ցավալի պարտություն կրեց Ադրբեջանի ընտրանուց:

Այնուհետև հայ շախմատիստները վերագտան իրենց խաղը` տանելով մի շարք հաղթանակներ Իսրայելի, Թուրքիայի և Բրազիլիայի հավաքականների նկատմամբ և ոչ-ոքի խաղացին առաջնության առաջատարներից մեկի` Հնդկաստանի ընտրանու հետ:

6-րդ տուրում Հայաստանը կարևոր միավորներ կորցրեց, որոնք կարող էին ոսկե մեդալ բերել օլիմպիական չեմպիոններին. աչքի չընկնող Հունաստանի ընտրանին 1:3 հաշվով անսպասելի պարտության մատնեց Հայաստանի հավաքականին, որից հետո վերջինս հանգրվանեց 5-րդ հորիզոնականում:

7-րդ և 8-րդ տուրերում Ռուսաստանի հետ ոչ-ոքին և ԱՄՆ-ի նկատմամբ հաղթանակը բրոնզ կամ արծաթ շահելու հնարավորություն է ընձեռում օլիմպիական չեմպիոններին (եթե վերջին տուրում իրադարձությունները զարգանան հօգուտ Հայաստանի), ինչը, սակայն, այնքան էլ չի գոհացնում հայ մարզասերներին, ովքեր սովոր էին ուրախանալ իրենց սիրած թիմի փայլուն հաղթանակներով: