Սպորտ. Հայաստանն ունի շախմատի նոր չեմպիոններ, սպորտի և երիտասարդության հարցերի նոր նախարար

Հայաստանի շախմատի տղամարդկանց 70-րդ առաջնությունում գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը դարձել է հաղթող և հնարավոր է միանա Հայաստանի շախմատի հավաքականին, որը պատրաստվում է սեպտեմբերին պաշտպանել չեմպիոնի կոչումը Ռուսաստանում անցկացվող շախմատի աշխարհի օլիմպիադայում: Իսկ Հայաստանի շախմատի կանանց 65-րդ առաջնությունում հաղթող է ճանաչվել Անահիտ Խառատյանը:

Շաբաթ ավարտված մրցաշարում, որին մասնակցում էին տասը շախմատիստ, 20-ամյա Գրիգորյանն ավելի հաջող հանդես եկավ, քան ավելի բարձր անհատական վարկանիշ ունեցող մրցակիցները: (Հայաստանի չորս առաջատար շախմատիստները, այդ թվում` Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և անցյալ տարվա չեմպիոն Արման Փաշիկյանը չէին մասնակցում այս տարվա առաջնությանը:)

Առաջին հորիզոնականը զբաղեցրած Գրիգորյանն առաջնությունն ավարտեց 7,5 միավորով` երկրորդ, երրորդ և չորրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներից` Տիգրան Պետրոսյանից, Զավեն Անդրիասյանից և Արտաշես Մինասյանից 2 միավոր մաքուր առավելությամբ: Նոր չեմպիոնի հաջողությունը և սեփական վարկանիշի բարձրացումը հավանաբար նրան իրավունք կտան հանդես գալու օլիմպիական կրկնակի (2006, 2008 թթ.) չեմպիոն Հայաստանի հավաքականի կազմում և մասնակցելու սեպտեմբերին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի օլիմպիադային, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

Այս ամենից զատ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է 2007 թվականից սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի հրաժարականը:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գրիգորյանի փոխարեն նախարարի պաշտոնը, որի պորտֆելը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, կզբաղեցնի նույն կուսակցության ներկայացուցիչ Արթուր Պետրոսյանը:

Պետրոսյանը, որը 2003-2007 թթ. եղել է ԱԺ պատգամավոր, մինչև նոր նշանակումը զբաղեցրել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը: «Բարգավաճ Հայաստանին» անդամակցում է է 2009 թվականից:

Ո´չ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը, որը նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է, ո´չ էլ նախկին նախարարը դեռևս չեն մեկնաբանել այս փոփոխությունները: