Շախմատ. Լինարեսում Արոնյանը վեց շախմատիստների մեջ զբաղեցրեց երրորդ հորիզոնականը

Չորեքշաբթի Իսպանիայի Լինարես քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որում հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր մրցելույթներն ավարտեց` խաղալով 9 ոչ-ոքի և տասներորդ տուրում հաղթանակ տանելով ադրբեջանցի Վուղար Հաշիմովի նկատմամբ:

Վեց շախմատիստների մասնակցությամբ մրցաշարում անպարտելի մնացած հայազգի գրոսմայստերին հաղթանակը չօգնեց` վիճարկելու գլխավոր մրցանակը, որը բաժին հասավ բուլղարացի Վեսելին Տոպալովին (6,5 միավոր արդյունքով): Մասնակիցների վերջնական դասավորությամբ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը (6 միավոր) երկրորդն է, որին հաջորդում է 5,5 միավորով երրորդ հորիզոնականում հանգրվանած Արոնյանը:

Իսպանացի Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը, իսրայելցի Բորիս Գելֆանդը և ադրբեջանցի Հաշիմովը հավաքեցին 4-ական միավոր, սակայն համապատասխանաբար զբաղեցրին 4-րդ, 5-րդ և 6-րդ հորիզոնականները` ըստ իրենց ընթացիկ վարկանիշների:

(Մրցաշարի ամբողջական արդյունքներին ծանոթանալու համար այցելեք պաշտոնական կայքը:)

2010 թ. մարտի 13-25-ը Արոնյանը կմասնակցի Ֆրանսիայի Նիս քաղաքում կազմակերպվող «կույր» և արագ շախմատի «Ամբեր» մրցաշարին:

Նիսում Արոնյանի մրցակիցներն են լինելու նորվեգացի Մագնուս Կարլսենը, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Մորոզևիչը, Սերգեյ Կարյակինը, իսրայելցի Գելֆանդը, ադրբեջանցի Հաշիմովը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը և Ռուսլան Պոնոմարյովը, կուբացի Լինիեր Դոմինգեսը և հոլանդացի Յան Սմիթսը:

2009 թ. «Ամբերի» մրցաշարի ընդհանուր հաղթողը Արոնյանն էր: