Շախմատ. Հայաստանը դեռևս մնում է անպարտելի Եվրոպայի թիմային առաջնությունում

Շախմատ. Հայաստանը դեռևս մնում է անպարտելի Եվրոպայի թիմային առաջնությունում

Photo: www.etcc2013.com

Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները հաջող են մեկնարկել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող Եվրոպայի թիմային առաջնությունը:

Կանանց հավաքականը, որի կազմում հանդես են գալիս Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան ու Աննա Հայրապետյանը (մարզիչ՝ Արթուր Չիբուխչյանը), առաջին երեք տուրերում հաղթել է իր բոլոր երեք մրցակիցներին (Խորվաթիա - 3 ½ : ½, Բելգիա - 3 ½ :½ և Լեհաստան III - 4:0 ) և այժմ 32 թիմերի շարքում առավելագույն միավորներով առաջին տեղում է:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը կազմում են Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը (մարզիչ` Արշակ Պետրոսյան), Բուլղարիայի հետ առաջին տուրում ոչ-ոքի խաղաց՝ 2:2 , իսկ երկրորդ և երրորդ տուրերում համապատասխանաբար նույն՝ 2 ½ : 1 ½ հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի և Ավստրիայի հավաքականներին: Այժմ Հայաստանի տղամարդկանց հավաքականը երեք հանդիպումների արդյունքներով 5 միավորով կիսում է 3-6-րդ տեղերը Հունգարիայի, Վրաստանի, Հունաստանի և Ադրբեջանի հետ:

Երկուշաբթի նախատեսված 4-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցն է Ուկրաինան, իսկ կանանց հավաքականը կխաղա Լեհաստանի հետ:

Խաղերը կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 20.00-ին, պարտիաների ընթացքին կարելի է օնլայն հետևել պաշտոնական կայքում՝ www.etcc2013.com:

Վարշավայում մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կավարտվի նոյեմբերի 18-ին: