Շախմատ. Արոնյանը շարունակում է նահանջել ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Հայ առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը շախմատի միջազգային կառավարող մարմնի` ՖԻԴԵ-ի վերջին վարկանիշային աղյուսակում նահանջել է երեք հորիզոնականով և այժմ 2777 միավորով իններորդն է:

2015-ի փետրվարի 1-ի թարմացված աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը 2865 վարկանիշով, որին հաջորդում են Ֆաբիանո Կարուանան (Իտալիա/ԱՄՆ, 2811 միավոր ) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան, 2810 միավոր):

Արոնյանից առաջ են անցել նաև Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ) և Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):

Մի քանի տարի Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը` միայն երբեմն իջնելով երրորդ հորիզոնական, մինչև 2014-ի սեպտեմբեր-հոկտեմբերին հինգերորդ հորիզոնականում հանգրվանելը: Դեկտեմբերին նա արդեն վեցերորդն էր:

Հունվարին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացված ամենամյա հեղինակավոր գերմրցաշարում հայ գրոսմայստեր ավարտեց հեռավոր` 10-րդ հորիզոնականում:

Փետրվարի 2-9-ը Արոնյանը պատրաստվում է Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում մասնակցելու մեկ այլ խոշոր մրցաշարի, որում նրա մրցակիցները կլինեն Կարլսենը, Անանդը, Կարուանան, ինչպես նաև Մայքլ Ադամսը (Անգլիա), Էթիեն Բաքրոն (Ֆրանսիա), Արկադի Նայդիչը և Դավիթ Բարամիձեն (երկուսն էլ ներկայացնում են Գերմանիան):