Շախմատ. Արոնյանը Բադեն Բադենի 3 տուրից հետո եզրափակում է աղյուսակը

Հայ ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը Գերմանիայի Բադեն Բադեն քաղաքում անցկացվող հեղինակավոր միջազգային մրցաշարում 3 տուրից հետո զիջում է իր բոլոր մրցակիցներին:

Առաջին երկու տուրերում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) և Դավիթ Բարամիձեի (Գերմանիա) հետ խաղաղ դաշն կնքելուց հետո չորեքշաբթի Արոնյանը տանուլ տվեց Ֆաբիանո Կարուանային (Իտալիա/ԱՄՆ):

Արոնյանը ներկայումս 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Մինչև փետրվարի 9-ը կայանալիք մրցաշարի ութ մասնակիցների շարքում են նաև Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մայքլ Ադամսը (Անգլիա), Էթիեն Բակրոն (Ֆրանսիա) և Արկադի Նայդիչը (Գերմանիա):

32-ամյա Արոնյանը փետրվարի 1-ին ՖԻԴԵ-ի լավագույն գրոսմայստերների թարմացված աղյուսակում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը` նախորդ վարկանիշային աղյուսակի համեմատությամբ երեք հորիզոնականով նահանջելով: Հայ գրոսմայստերի հետընթացն արտահայտվել էր նաև հունվարին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում կայացած ամենամյա հեղինակավոր գերմրցաշարում անհաջող ելույթով:

Արոնյանը մինչև անցյալ տարվա սեպտեմբերի վերջը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում թիվ 2-րդ գրոսմայստերն էր: