Շախմատ. Արոնյանն ավարտում է հինգերորդը Բադեն Բադենում

Հայ առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը Գերմանիայի Բադեն Բադեն քաղաքում ավարտված հեղինակավոր միջազգային մրցաշարում ութ մասնակիցների մեջ ավարտել է հինգերորդը:

7 տուրում 3,5 միավոր վաստակած հայ գրոսմայստերը հետ է մնացել մրցաշարի հաղթող, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենից (Նորվեգիա) և Արկադի Նայդիչից (Գերմանիա), որոնք երկուսն էլ վաստակել է 4,5-ական միավոր, ինչպես նաև Մայքլ Ադամսից (Միացյալ Թագավորություն) և Ֆաբիանո Կարուանայից (Իտալիա/ԱՄՆ), որոնք 4-ական միավոր ավարտել են, համապատասխանաբար, երրորդը և չորրորդը:

Էթիեն Բակրոն (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Դավիդ Բարամիձեն (Գերմանիա) վաստակել են համապատասխանաբար 3,5, 2,5 և 1,5 միավոր և զբաղեցրել վեցերորդ, յոթերորդ և ութերորդ հորիզոնականները:

Սա արդեն 2015 թվականի ընթացքում երկրորդ մրցաշարն է, որում Արոնյանին չի հաջողվում հաղթել: Հունվարին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ավարտված մեկ այլ հեղինակավոր ամենամյա մրցաշարում հայ գրոսմայստերը 14 մասնակիցների մեջ ավարտեց միայն 10-րդը:

Արոնյանը փետրվարին ՖԻԴԵ-ի լավագույն շախմատիստների թարմացված վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է իններորդ հորիզոնականը, մինչդեռ 32-ամյա գրոսմայստերը դեռ վերջերս` անցյալ ամռանը, նույն վարկանիշային աղյուսակում երկրորդն էր: