Շախմատ. Արոնյանը հաջող է մեկնարկում «Ցյուրիխի շախմատային մարտահրավերը» անհաջողություններից հետո

Հայ ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը Ցյուրիխում մասնակցում է խոշոր շախմատային գերմրցաշարի` այս տարի երկու այլ մրցաշարերում անհաջողության մատնվելուց հետո:

Շվեյցարիայում անցկացվող «Ցյուրիխի շախմատային մարտահրավեր» մրցաշարում Արոնյանի մրցակիցներն են` Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա/ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը և Սերգեյ Կարյակինը (երկուսն էլ` Ռուսաստան):

Շաբաթավերջին հայ գրոսմայստերը հաղթել էր Ցյուրիխի կայծակնային մրցաշարում, որը նրան իրավունք տվեց ընտրելու մյուս մասնակիցների հետ հանդիպումներում խաղաքարերի գույնը: Արդյունքում` Արոնյանը դասական շախմատի հինգ տուրերից երեքում հանդես կգա սպիտակ խաղաքարերով: Առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Կարյակինի հետ:

Դասական խաղերը կանցկացվեն մինչև փետրվարի 18-ը, որին կհաջորդեն արագ խաղերը:

Արոնյանը այս տարվա ընթացում արդեն իսկ մասնակցել է երկու հեղինակավոր մրցաշարերի: Առաջինը հունվարին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում Tata Steel մրցաշարի 14 մասնակիցների շարքում նա ավարտել էր միայն 10-րդը, իսկ փետրվարի սկզբին Գերմանիայի Բադեն Բադեն քաղաքում կայացած մրցաշարի ութ մասնակիցների շարքում` հինգերորդը:

Փետրվարի 1-ին նորացված ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 32-ամյա գրոսմայստեր Արոնյանը զբաղեցնում է իններորդ հորիզոնականը, թեև մինչև անցյալ տարվա ամառը նույն աղյուսակում թիվ երկրորդ գրոսմայստերն էր:

«Ցյուրիխի շախմատային մարտահրավեր» մրցաշարի վերջին արդյունքները պաշտոնական կայքում` http://www.zurich-cc.com/: