Շախմատ. Արոնյանը արագ շախմատի շնորհիվ փոքր-ինչ բարելավում է իր դիրքը «Ցյուրիխի շախմատային մարտահրավերում»

Հայ առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը բարելավել է իր վերջնական դիրքը «Ցյուրիխի շախմատային մարտահրավեր» մրցաշարում` հինգշաբթի կայացած եզրափակիչ` արագ շախմատից հետո:

Մեկ օր տևող արագ շախմատում վեց խաղացողների մեջ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը` Արոնյանն ապահովեց չորրորդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում` չնայած դասական շախմատից հետո եզրափակում էր մրցաշարային աղյուսակը:

Մրցաշարի «դասական» մասը առաջին տողում ավարտել էր գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), սակայն մրցաշարի հաղթողին որոշող «Արմագեդոն» կոչված փուլում նա պարտվեց ԱՄՆ-ը ներկայանցող գրոսմայստեր Հիկարու Նակամուրային:

Սա երրորդ միջազգային մրցաշարն է, որին Արոնյանը մասնակցում էր այս տարի: Գերմանիայի Բադեն Բադեն քաղաքում այս ամսվա սկզբին կայացած մրցաշարում ութ մասնակիցների շարքում նա 5-րդն էր, իսկ հունվարին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում Tata Steel մրցաշարի 14 մասնակիցների շարքում` 10-րդը:

Փետրվարի 1-ին ՖԻԴԵ-ի հրապարակած վարկանիշային դասակարգման աղյուսակում Արոնյանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: 32-ամյա շախմատիստը դեռ մինչև անցյալ տարվա ամառը նույն այդ աղյուսակում թիվ երկրորդն էր: