Հայաստանի Դեյվիդ Բեքհեմը. CNN-ը Լևոն Արոնյանին նվիրված նյութ է հրապարակել

Հայաստանում շախմատիստների աստղային կարգավիճակը համեմատելով աշխարհում նման կարգավիճակ ունեցող հանրահայտ ֆուտբոլիստների հետ` CNN-ը փորձել է հասկանալ այս հնագույն իմաստուն խաղի և նրա վարպետների հանրաճանաչության գաղտնիքը Հարավային Կովկասի այս պետությունում` ներկայացնելով հայկական և համաշխարհային շախմատի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանին:

Նյութը հայտնվել է աշխարհի առաջատար հեռուստաընկերության կայքում` «Մետաքսի ճանապարհ. անցյալը, ներկան, ապագան» ծրագրի շրջանակներում, որը Հայաստանը ներկայացնում է որպես աշխարհի այն երկրներից մեկը, որտեղ բնակչության մեկ շնչին ընկնում է ամենամեծ թվով գրոսմայստերներ, և մի երկիր, որը շախմատի վերջին հինգ համաշխարհային օլիմպիադաներում երեք անգամ հաղթանակ է տարել` «նույն այդ կուռքի` Արոնյանի գլխավորությամբ»:

Հոդվածի հեղինակի պնդմամբ` Հայաստանում Արոնյանի հանրաճանաչությունը նույնպիսին է, ինչպիսին, օրինակ` աշխարհում Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմինը, իսկ նրա ավստրալուհի շախմատիստ ընկերուհուն` Արիաննե Կաոլիին, իր գեղեցիկ արտաքինի համար հաճախ համեմատում են նախկին թենիսիստուհի Աննա Կուռնիկովայի հետ:

Հոդվածում նաև նշվում է, որ վերջերին տարիներին շախմատը Հայաստանի դպրոցներում դարձել է պարտադիր առարկա, սակայն շախմատի հանրաճանաչության հիմնական աղբյուր այն համարել է 1960-ական թվականների աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանին:

Ըստ հոդվածի` 1963-ին Միխայիլ Բոտվիննիկի նկատմամբ Պետրոսյանի տարած հաղթանակի պահը Հայաստանում համեմատում են Ամերիկայում Ջոն Քենեդիի սպանության պահի հետ. Հայաստանում բոլորը հիշում է, թե իրենք որտեղ են եղել այդ ժամանակ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի ճարտարագիտության բաժանմունքի դեկան, պրոֆեսոր Արամ Հաջյանը, որը նաև Հայաստանի շախմատի ակադեմիայի համահիմնադիրն է, բացատրում է. «Այդ ժամանակ Հայաստանը Խորհրդային Միության ամենափոքր հանրապետություններից մեկն էր: Մինչ ազգայինի դրսևորումները չէին քաջալերվում խորհրդային իշխանությունների կողմից, Տիգրան Պետրոսյանի հաղթանակը բարձրացրեց հայ ժողովրդի ոգին»:

Ամբողջ հոդվածը անգլերենով կարող եք կարդալ CNN-ի կայքում`
http://edition.cnn.com/2016/01/31/sport/levon-aronian-armenia-chess-david-beckham/