Շախմատ. Արոնյանը հավակնորդների մրցաշարում առաջատարների շարքում է

Առաջին երեք տուրերից հետո հայկական շախմատի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը Մոսկվայում անցկացվող հավակնորդների մրցաշարում Վիշի Անանդի և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ կիսում է առաջին տեղը:

Երկու շրջանով անցկացվող մրցաշարին մասնակցում է ութ գրոսմայստեր, որոնցից էլ կորոշվի գործող աշխարհի չեմպիոնին ձեռնոց նետող հավակնորդը:

3-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթել է բուլղարացի Վեսելին Տոպալովին` մրցաշարում ստանալով առաջին լրիվ միավորը: Նախորդ երկու տուրերը հայ շախմատիստը ոչ-ոքի էր ավարտել Անիշ Գիրիի (Հոլանդիա) և Անանդի հետ:

Մրցաշարի մյուս մասնակիցներն են գրոսմայստերներ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ/Իտալիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) և Պյոտր Սվիդլերը (երկուսն էլ Ռուսաստան): Հիշեցնենք որ հաղթողը նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև ղեկավարում է երկրի շախմատի ֆեդերացիան, անցյալ շաբաթ ասել էր, որ Արոնյանը մրցաշարում հաղթանակի հասնելու իր ֆավորիտն է:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայիս հավակնորդների մրցաշարի հովանավորն է, և Սարգսյանը ուրբաթ մասնակցել է մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը` նվիրված այս տարի նշվող Հայաստանի անկախության 25-ամյակին:

Ի դեպ, Սարգսյանը նաև չնախատեսված կայծակնային խաղ է անցկացրել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ և հաղթել նրան: