Շախմատ. հավակնորդների մրցաշարում առաջատարներ Արոնյանը և Կարյակինը պատրաստվում են ուժերը չափելու

Շախմատ. հավակնորդների մրցաշարում առաջատարներ Արոնյանը և Կարյակինը պատրաստվում են ուժերը չափելու


Հինգշաբթի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում հայ առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել Հիկարու Նակամուրային (ԱՄՆ)` այսպիսով վաստակելով 4 միավոր:

Երկու շրջանով անցկացվող մրցաշարի վեց տուրից հետո Լևոն Արոնյանը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ գլխավորում է աղյուսակը:

Ուրբաթ հանգստյան օրից հետո մրցաշարը կվերսկսվի շաբաթ օրը, երբ նախատեսվում է երկու գրոսմայստերների հանդիպումը (Արոնյանը հանդես կգա սև խաղաքարերով):

Մրցաշարի մյուս մասնակիցներն են` Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ/Իտալիա), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Անիշ Գիրին (Հոլանդիա): Մրցաշարի հաղթողն իրավունք կստանա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում կայանալիք չեմպիոնական մրցախաղին գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: