Շախմատ. Կարյակինը և Արոնյանը հավակնորդների մրցաշարում առաջատարներն են

Շախմատ. Կարյակինը և Արոնյանը հավակնորդների մրցաշարում առաջատարներն են

Photo: www.fode.com/Andreas Kontokanis

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ութ տուրից հետո ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի հետ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Շաբաթ օրը կայացած 7-րդ տուրում այս երկու շախմատիստները իրենց հանդիպումը ավարտել են ոչ-ոքի:

Կիրակի օրը սկսված մրցաշարի երկրորդ շրջանում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ:

Ութ տուրից հետո Կարյակինը և Արոնյանն ունեն 5-ական միավոր (ռուսաստանցի գրոսմայստերն ունի ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշներ): Հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը և Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ/Իտալիա) 4,5 միավորով բաժանում են երրորդ հորիզոնականը: Ապա հաջորդում են` Գիրին (4 միավոր), ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը (3,5 միավոր), ամերիկացի Հիկարու Նակամուրան (3 միավոր) և բուլղարացի Վեսելին Տոպալովը` 2 միավորով:

Երկուշաբթի կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սևերով խաղալու է Անանդի հետ:

Հավակնորդների մրցաշարի հաղթողը իրավունք կստանա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում կայանալիք չեմպիոնական մրցախաղին գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: