Շախմատի հավակնորդների մրցաշար. թեև Արոնյանը 4-րդ տեղում է, բայց պահպանում է շանսերը

Շախմատի հավակնորդների մրցաշար. թեև Արոնյանը 4-րդ տեղում է, բայց պահպանում է շանսերը

Photo: www.fide.com

Չորեքշաբթի հայ ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ Մոսկվայում ընթացող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

Ընդամենը չորս տուր է մնացել աշխարհի ութ առաջատար գրոսմայստերների մասնակցությամբ երկու շրջանով անցկացվող մրցաշարի ավարտին, և Արոնյանը 5,5 միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Սակայն առաջատարների միջև միավորների տարբերությունը շատ փոքր է, և նրանցից յուրաքանչյուրը ըստ էության կարող է հավակնել գործող չեմպիոնի հետ ուժերը չափելուն:

Հնդիկ Վիշվանաթան Անանդին հաղթելուց հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ/Իտալիա), որին հաջորդում է նույնպես 6 միավոր վաստակած ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: Անանդը ներկայումս 5,5 միավորով երրորդն է:

Մրցաշարը կշարունակվի այսօր, և Արոնյանը սպիտակ խաղաքարերով կխաղա վեցերորդ հորիզոնականում հանգրվանած ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:

Մինչև մարտի 28-ին մրցաշարի ավարտը` հայ շախմատիստը խաղալու է նաև հիմնական հավակնորդների` Կարուանայի ու Կարյակինի, ինչպես նաև Նակամուրայի հետ:

Մրցաշարի հովանավորն է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, մրցանակային ֆոնդը կազմում է շուրջ 450 հազար դոլար, և հաղթողը նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում չեմպիոնական մրցախաղ կանցկացնի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ: