Շախմատ. Արոնյանը ցավում է «մրցաշարում բաց թողնված հնարավորությունների» համար

Շախմատ. Արոնյանը ցավում է «մրցաշարում բաց թողնված հնարավորությունների» համար

Photo: www.fide.com

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ցավում է իր վերջին ձախողման համար Մոսկվայում ավարտված շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում, որտեղ նա հետ մնաց առաջատարներից և բաց թողեց շախմատի աշխարհի թագը վիճարկելու ևս մեկ հնարավորություն:

Երկուշաբթի Ռուսաստանի մայրաքաղաքում ավարտվեց ութ առաջատար շախմատիստների մասնակցությամբ երկու շրջանով անցկացվող մրցաշարը: Վերջին տուրում Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինը դրամատիկ պայքարում հաղթելով Ֆաբիանո Կարուանային (ԱՄՆ/Իտալիա)` զբաղեցրեց առաջին հորիզոնականը և իրավունք ստացավ նոյեմբերին չեմպիոնական մրցախաղ անցկացնելու գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ:

Արոնյանը մինչև մրցաշարի 9-րդ տուրում աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան) պարտվելը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն այդ ցավալի պարտությանը հաջորդեց 11-րդ տուրում մեկ այլ պարտություն ռուսաստանցի Պյոտր Սվիդլերից, և այս անհաջողություններից հետո հայ գրոսմայստերին չհաջողվեց այլևս ուշքի գալ, և նա մրցաշարն ավարտեց վեցերորդ հորիզոնականում:

Մրցաշարի նախավերջին տուրում Կարյակինի հետ ոչ-ոքի ավարտելուց հետոԱրոնյանը խոսել է իր «բաց թողած» հնարավորությունների մասին:

«Այսօր ես բաց թողեցի հաղթանակը` նախորդ շատ օրերի նման: Մոսկվայի մրցաշարը չստացվեց, դա բաց թողնված հնարավորությունների մրցաշար էր: Ես շատ դառնացած եմ», - ասել է Արոնյանը` ըստ ռուսաստանյան rsport.ru մարզական հրատարակության:

Արոնյանը մասնակցում էր հավակնորդների մրցաշարին որպես կազմակերպչի կողմից հրավիրված խաղացող: Մոսկվայում անցկացված մրցաշարի հովանավորն էր Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև ֆեդերացիայի ղեկավարն է, մասնակցել էր մրցաշարի բացման արարողությանը, որը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին: