Ավելի արագ, ավելի բարձր, ավելի հզոր. ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի թիմը հավանաբար բաղկացած կլինի միայն դահուկորդներից

ՀՀ ազգային օլիմիական կոմիտեի ներկայացուցչի հաղորդմամբ` Հայաստանը համեստ մասնակցություն կունենա առաջիկա ձմեռային օլիմպիական խաղերին: Այս մասնակցությունը հինգերորդն է անկախ Հայաստանի պատմության մեջ:

21-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն միայն դահուկային սպորտով զբաղվող երեք կամ չորս մարզիկներ, թեև ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչը չբացառեց նաև սահնակային սպորտի մեկ ներկայացուցչի մասնակցությունը Կանադայի Վանկուվեր քաղաքում փետրվարի 12-28-ն անցկացվելիք աշխարհի ձմեռային ամենամեծ մարզական իրադարձությանը:

Թե ովքեր «սպիտակ» օլիմպիադայում կկրեն Հայաստանի մարզաշապիկները, պարզ կդառնա միայն հաջորդ տարվա հունվարին, երբ Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան կհրապարակի մարզիկների վարկանիշային աղյուսակները. դահուկավազքի համար` հունվարի 17-ին, իսկ լեռնադահուկային սպորտի համար` հունվարի 25-ին:

«Դրանից հետո միջազգային ֆեդերացիան և մեր ազգային օլիմպիական կոմիտեն կկայացնեն վերջնական որոշում»,- «ԱրմենիաՆաուին» հայտնեց ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Սարգսյանը նաև հայտնեց, որ այս պահի դրությամբ Հայաստանն ունի երկու հաստատված տեղ լեռնադահուկային սպորտի համար` մեկ տղամարդ, մեկ կին, և մեկ տեղ` դահուկավազքի համար:

«Կարծում եմ` վարկանիշները հրապարակելուց հետո դահուկավազքից ևս մեկ տեղ կունենանք»,- ասում է Սարգսյանը` ավելացնելով, որ այժմ բոլոր հայ մարզիկները վարկանիշային մրցումներ ու ուսումնամարզական հավաքներ են անցկացնում և մինչև հունվարի կեսերը կշարունակեն անցկացնել Հայաստանի սահմաններից դուրս (Իտալիա, Ֆինլանդիա, ԱՄՆ, Ռուսաստան):

Հայաստանի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչն ասում է, որ Հայաստանի թիմի երգը կմնա 2008 թ. ամառային օլիմպիական խաղերից առաջ գրվածը, որի երաժշտությունը Արա Գևորգյանինն է, բառերը` Արամայիս Սահակյանինը: Օլիմպիական մարզազգեստը և թալիսմանը կներկայացվեն ավելի ուշ: Գալիք տարվա պետբյուջեից մոտ 1,32 մլրդ դրամ (3,4 մլն դոլար) կհատկացվի սպորտի ոլորտին` հայ մարզիկներին միջազգային մրցաշարերին նախապատրաստելու և նրանց մասնակցությունն ապահովելու համար: Այս հատկացումից որոշակի մաս (չափը կորոշվի առաջիկայում) կտրամադրվի օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցության համար:

Ձմեռային մարզաձևերում Հայաստանն ավանդաբար լավ արդյունքներ չի ունեցել և զարմանալի չէ, որ օլիմպիական խաղերում մինչև օրս հայ մարզիկները նշանակալի ձեռքբերումներ չեն ունեցել` չհաշված մի քանի անհաջող ելույթները:

Վերջին` 2006 թ. Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնում էին հինգ մարզիկներ (երեք դահուկորդ և գեղասահորդների զույգ), որոնք բոլորն էլ անհաջող ելույթ ունեցան (մանավորապես, դահուկորդները վերջին տեղերն էին զբաղեցրել):

1994-2006 թվականներին անցկացված չորս ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ոչ մի չեմպիոն չի ունեցել, իսկ ամենաշատ մարզիկներ` ինը մարդ, ուղարկել է Սոլթ Լեյք Սիթի` ԱՄՆ, 2002 թ.:

Սարգսյանն ասում է, որ Թուրինի օլիմպիական խաղերից բավական դասեր են քաղել, քանի որ անմիջապես դրանցից հետո Դահուկային սպորտի ֆեդերացիան մշակեց հաջորդ օլիմպիական խաղերին պատրաստվելու քառամյա պլանը (մշակվել են ծրագրեր սպորտի զարգացման և տարածման հետ կապված, փոխվել են հավաքականի մարզիչները և այլն):

«Եթե անցյալ օլիմպիական խաղերին ունեին մեկ կամ երկու մարզիկ, որ համապատասխանում էին միջազգային օլիմպիական կոմիտեի չափորոշիչներին, ապա այժմ մարզիկների թիվն ավելացել է, և օլիմպիական ուղեգրի համար պայքար է գնում նաև մեր մարզիկների միջև»,- ասում է Սարգսյանը:

Սարգսյանի տեղեկացմամբ` Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան, որ ներկայումս մոտ 600 անդամ ունի, աշխատում է վերականգնել խորհրդային տարիներին դահուկային մարզաձևի «բոլոր լավ և բարի ավանդույթները»:

«Այժմ մենք փորձում են դահուկային սպորտի ավանդական կենտրոններ համարվող Ծաղկաձորից, Շիրակի մարզից բացի այն զարգացնել նաև Ապարանում, Վանաձորում, Հրազդանում, Մարտունիում` այնտեղի մեր կենտրոններին տրամադրելով գույք, հանդերձանք, միկրոավտոբուսներ»,- ասում է Սարգսյանը` ավելացնելով, որ դահուկային սպորտով զբաղվելը լավագույն զբաղմունքն է գյուղական համայնքներում ապրող երեխաների համար, որոնք ձմռանը զբաղվելու բան չունեն:

2010-ից ֆեդերացիան մարզաձևը զարգացնելու նպատակով Երևանում կիրականացնի անվճար ուսուցում 4-14 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար: Սարգսյանի կարծիքով` սա շատ կարևոր ծրագիր է, քանի որ դահուկային գույքն ու հանդերձանքն ամենևին էլ մատչելի չեն (միասին կարող են մինչև 100 hազար դրամ (մոտ 260 դոլար) կազմել), իսկ ծրագիրը կօգնի ավելի շատ մարդկանց ներգրավվելու մարզաձևի մեջ: