Հետադարձ հայացք սպորտին. «Հատիսն» աշխուժացնում է մարզական տարին, իսկ ֆուտբոլում հիասթափությունները շարունակվում են

Բասկետբոլ

Ուշ աշնանը-վաղ ձմռանը հինգշաբթի օրերին Երևանում երկրպագուներով լի բասկետբոլի մարզադահլիճները սովորական են դարձել. Խորհրդային Հայաստանում հայտնի բասկետբոլի կանանց թիմը, որն ավելի քան երկու տասնամյակ մոռացության էր մատնվել, մարզական կյանք վերադարձավ` կրկին գերելու հայ մարզասերների սրտերը:

«Հատիսը», որը ժամանակին հանդես էր գալիս բարձր մակարդակի խորհրդային մրցաշարերում, առաջին անգամ մասնակցելով եվրոպական մրցաշարի, փայլուն ելույթ ունեցավ որակավորման փուլում:

Ազգային առաջնությունում լինելով անզուգական`թիմը, որի կազմում ընդգրկված են հիմնականում արտասահմանցի խաղացողներ (Սերբիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Ուկրաինայից և նույնիսկ ԱՄՆ-ից ու Ճամայկայից), հաջողության հասավ միջազգային մակարդակում` մրցելով հզոր հույների, ինչպես նաև ռուսաստանյան և թուրքական ուժեղ թիմերի հետ:

«Բեշիկթաշի» նկատմամբ Ստամբուլում և Երևանում տարած հաղթանակները ոգևորեցին նույնիսկ նրանց, ովքեր բասկետբոլով քիչ են հետաքրքրվում, սակայն կարոտ են սպորտում ցանկացած հայկական թիմի հաջողության:

«Այս հաղթանակը պատկանում է ողջ հայ ժողովրդին»,- ասաց թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը թուրքական թիմի նկատմամբ Ստամբուլում տարած առաջին հաղթանակից հետո:

«Թուրքերի հետ մրցապայքարում մեր թիմը վեց հոգուց էր բաղկացած»,- ասաց նա` նկատի ունենալով սեփական հարկի տակ թուրքերի հետ հանդիպման ընթացքում մարզադահլիճում հավաքված երկրպագուների բուռն աջակցությունը, ինչպես նաև որոշ գործարարների, որոնք, հավանաբար, կշարունակեն սատարել «Հատիսի» հաջողությանը:

«Հատիսի» հաջորդ մրցակիցը լինելու է Ռուսաստանի «Նադեժդա» թիմը հունվարի 7-ին:

Ծանրամարտ

Հարավային Կորեայում` աշխարհի առաջնությունում, Նազիկ Ավդալյանը (69 կգ) նվաճեց հիշարժան ոսկե մեդալ Հայաստանի ծանրամարտի համար: 23-ամյա գյումրեցի ծանրորդը դարձավ անկախ Հայաստանի պատմության մեջ ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը և 10-րդը` ընդհանուր հաշվով: Այս եզակի նվաճումն Ավդալյանին արժանացրեց Տարվա լավագույն մարզիկ կոչմանը: (Ավդալյանի մասին դիմանկար-ակնարկը կարդացե´ք այստեղ` http://www.armenianow.com/hy/features/19996/world_champion_becomes_national_hero_at_home:)

Հարավային Կորեայում անցկացված առաջնությունում Ավդալյանի մի քանի թիմակիցներ նույնպես մեդալներ նվաճեցին:

Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ) նվաճեց երկու փոքր (պոկում և հրում վարժություններում)` ընդհանուր հաշվով երեք բրոնզե մեդալ: Առաքել Միրզոյանը (69 կգ) և Տիգրան Գ. Մարտիրոսյանը (77 կգ) իրենց համապատասխան կարգերում արծաթե մեդալներ նվաճեցին: (Բոլորն էլ ընդգրկվեցին տարվա 10 լավագույն մարզիկների շարքում:)

Բռնցքամարտ/Ձյուդո/Ըմբշամարտ

Տասն անգամ հաջողությամբ պաշտպանելով IBF վարկածով չեմպիոնի կոչումը` հայորդի Արթուր Աբրահամն ամռանը հրաժարվեց չեմպիոնի իր գոտուց` մասնակցելու Սուպերվեցնյակ մրցաշարին:

Գերմիջին քաշային կարգի Սուպերվեցնյակ մրցաշարի շրջանակներում հոկտեմբերի վերջին Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող 29-ամյա հայազգի բռնցքամարտիկը (31 հաղթանակ`25-ը նոկաուտով, ոչ մի պարտություն) Բեռլինում կազմակերպված մրցելույթի 12-րդ ռաունդի վերջին վայրկյաններին նոկաուտի ենթարկեց արքանզասցի բռնցքամարտիկին (Ջերմեն Թեյլոր` «Չար մտադրություններ» մականունով): Աբրահամը մտադիր է շարունակել իր անպարտելի կարիերան, երբ հանդիպի իր հաջորդ մրցակցին` Անդրե «Մատրիքս» Դիրելին:

Դեկտեմբերի 12-ին մեկ այլ հայազգի բռնցքամարտիկ` Վիկ Դարչինյանը նույնպես տարին հաղթանակով ավարտեց: Պաշտպանելով թեթևագույն քաշային կարգում WBC/WBA վարկածներով իր չեմպիոնի գոտիները` Դարչինյանն արագ հաղթանակի հասավ մեքսիկացի հավակնորդ Թոմաս Ռոխասի նկատմամբ:

«Կատաղի ցուլ» Դարչինյանը (33 հաղթանակ` 27-ը նոկաուտով, 2 պարտություն, 1 ոչ-ոքի) այս տարվա սկզբին 52 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում կրած պարտությունից հետո առաջին անգամ էր ելույթ ունենում:

Մրցամարտից հետո 34-ամյա Դարչինյանը և իր փրոմոութեր Գարի Շոուն նշեցին, որ աշխատելու են հասնել ռևանշի Նոնիտո Դոների (22 հաղթանակ` 14-ը նոկաուտով, 1 պարտություն) նկատմամբ: 2007 թ. հուլիսին Դարչինյանը ցավալի պարտություն էր կրել «Կայծ» մականվամբ Դոներից, որը, 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով հայազգի բռնցքամարտիկին, զրկեց նրան թեթևագույն քաշային կարգում IBF և IBO վարկածներով չեմպիոնի գոտիներից:

Այս տարի Աշխարհի սիրողական բռնցքամարտի առաջնությունում Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) նվաճեց արծաթե մեդալ: Նա միակն էր ինը բռնցքամարտիկներից, որն Իտալիայի Միլան քաղաքից մեդալով վերադարձավ:

Ավելի վաղ Բռնցքամարտի միջազգային ընկերակցությունը (AIBA) բարձր գնահատեց հայ կազմակերպիչներին`մայիսին աշխարհի պատանեկան առաջնությունը Երևանում անցկացնելու համար, որը միջազգային մակարդակով առաջին բռնցքամարտի առաջնությունն էր Հայաստանի մայրաքաղաքում, որին մասնակցում էր 50 երկրներից 300 մարզիկ: Ներկայանալով 13 քաշային կարգերում` հայ մարզիկներին հաջողվեց նվաճել միայն մեկ ոսկե, երկու արծաթե և չորս բրոնզե մեդալ:

2009 թ. սեպտեմբերին Հայաստանում անցկացվեց մեկ այլ միջազգային միջոցառում` Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու էին եկել Եվրոպայի 40 երկրներից մարզիկներ, այդ թվում` Ադրբեջանի ձյուդոիստները: Ձյուդոյի մրցաշարեր կազմակերպող միջազգային կազմակերպությունը նույնպես բարձր գնահատեց կազմակերպված այս մրցումները: Ավելի վաղ` օգոստոսին, Հայաստանի դրոշի տակ հանդես եկող ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց Ռոտերդամում անցկացված աշխարհի ձյուդոյի առաջնությունում, որը որպես այդպիսին առաջինն էր Հայաստանի համար: (Ե´վ Անդրանիկ Հակոբյանը, և´ Հովհաննես Դավթյանն ընդգրկվել են 2009 թ. Հայաստանի լավագույն մարզիկների շարքում:)

Դանիայում անցկացված աշխարհի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանը միայն մեկ մեդալ նվաճեց: 55 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանն արժանացավ արծաթե մեդալի: Ամոյանը, այդ թվում նաև երկու ըմբիշներ` Յուրի Պատրիկեևը և Արսեն Ջուլֆալակյանը, ընդգրկվել են Հայաստանի տարվա տասը լավագույն մարզիկների շարքում:

Ինչպես հայտնի է, Հայաստանին իրավունք է տրվել հյուրընկալել 2010 թ. հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ցանկություն է հայտնել նաև, որ Հայաստանում անցկացվի 2018 թ. երիտասարդական օլիմպիական խաղերը:)

Շախմատ

Դեռևս օգոստոսին Հայաստանի լավագույն շախմատիստներից մեկը` Լևոն Արոնյանը, նվաճեց «Գրան պրի» մրցանակ և ապահովեց իր մասնակցությունը ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնությանը:

Օգոստոսին Ջերմուկում անցկացված ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» խաղարկության 5-րդ մրցաշարում (Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար) Լևոն Արոնյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և ընդհանուր հաշվարկով վաստակեց 500 միավոր` անհասանելի դառնալով բոլոր մրցակիցների համար:

2009 թ. շախմատի թիմային պայքարում նույնպես Հայաստանի հաջողությունները շարունակվեցին: Հայաստանի շախմատի հավաքականը երկու անգամ ճանաչվել է օլիմպիական չեմպիոն (2006 թ. և 2008 թ.), իսկ Թուրքիայում կազմակերպված մինչև 16 տարեկանների օլմպիական խաղերում Հայստանի երիտասարդական հավաքականը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը` զիջելով միայն Ռուսաստանի և Հնդկաստանի ուժեղ թիմերին:

Հոկտեմբերին Սերբիայում հայ շախմատիստներն անհատական պայքարում հաջող ելույթ ունեցան նաև Եվրոպայի թիմային առաջնությունում: Գաբրիել Սարգսյանը նվաճեց ոսկե, Տիգրան Լ. Պետրոսյանը և Լիլիթ Մկրտչյանը` արծաթե, իսկ Լիլիթ Գալոյանը` բրոնզե մեդալ:

Սակայն շախմատիստներից միայն Լիլիթ Մկրտչյանը մարզական մեկնաբանների քվեարկությամբ ընդգրկվեց տարվա տասը լավագույն մարզիկների շարքում:

Ֆուտբոլ

Հայաստանը սպասում է «Եվրո-2012» ընտրական փուլի վիճակահանությանը, որը կանցկացվի փետրվարի սկզբին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Եվրոպական ֆուտբոլի կառավարող մարմինը կփորձի խուսափել «Եվրո-2012»-ի ընտրական փուլում Հայաստան-Ադրբեջան հանդիպումից, ինչպես դա եղավ նախկինում, ինչը պայմանավորված է երկու երկրների միջև առկա հակամարտությամբ: Հայաստանի հավաքականը հավանաբար նոր մարզիչ կունենա, ինչպես ենթադրվում է` արտասահմանից, որը կփորձի բարելավել անհաջող ելույթ ունեցող թիմի խաղաոճը:

2009 թ. Հայաստանի ազգային հավաքականը հիշարժան քիչ պահեր է ունեցել, այդ թվում` Բելգիայի հետ հանդիպումը: Սակայն, ինչպես և կանխատեսվում էր, այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտություն» կոչված խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց Թուրքիայի ընտրանուն, ինչպես նաև Եվրոպայի չեմպիոն Իսպանիային: Դեկտեմբերին ՖԻՖԱ-ի հրապարակած դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը մոտ 200 երկրների մեջ 100-րդն է:

Հայաստանի ֆուտբոլի համար մռայլ մրցաշրջանում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի դանիացի մարզչի Ֆլեմինգ Սերիցլևի սաները տարին հաջող ավարտեցին. «Եվրո-2011» որակավորման խաղերում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ Էստոնիայի ընտրանու հետ ոչ-ոքի` 1:1 խաղաց, իսկ Իռլանդիայի հավաքականին հաղթեց 4:1 հաշվով: Այսպիսով, Հայաստանի պատանեկան հավաքականը որակավորման խմբում ընդգրկված վեց թիմերի մեջ զբաղեցրեց Իռլանդիայի ընտրանու տեղը` 5-րդ հորիզոնականը, և մտադիր է ամրապնդել իր դիրքերը, երբ մարտի սկզբին մեկնի Իռլանդիա` պատասխան խաղին մասնակցելու:

Հայ ֆուտբոլիստներից ոչ մեկին չհաջողվեց ընդգրկվել տասը լավագույն մարզիկների շարքում: