Սպորտ. 2010 թ. սկզբի Հայաստանի հաղթանակներն ու պարտությունները

Շախմատ. 2006 և 2008 թթ. շախմատի օլիմպիական չեմպիոն Հայաստանի հավաքականը հաջող խաղ էր ցուցադրում Թուրքիայի Բուրսա քաղաքում ընթացող աշխարհի թիմային առաջնությունում, սակայն 6-րդ տուրում զարմանալիորեն պարտվեց Հունաստանի ընտրանուն:

Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր: Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, որը ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում ներկայումս զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը, որոնք խաղում են երկրորդից չորրորդ խաղատախտակների վրա, ինչպես նաև երկու պահեստային խաղացողներ` Տիգրան Լ. Պետրոսյանը և Տիգրան Քոթանջյանը: Հայաստանի շախմատիստները 13 միավորով կիսում են 4-5-րդ տեղերը Իսրայելի հետ: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի հավաքականները, որոնցից յուրաքանչյուրն ունի 15,5-ական միավոր: Երրորդ հորիզոնականը 13,5 միավորով զբաղեցնում է Ադրբեջանի ընտրանին:

(Հունվարի 3-14-ը անցկացվող առաջնությանը մասնակցում են տասը թիմ: Հայաստանի մրցակիցներն են Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իսրայելը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Եգիպտոսը, Բրազիլիան և Հունաստանը:)

Առաջնության սկզբում` հունվարի 5-ին, Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց (1,5: 2,5) Ադրբեջանի ներկայացուցիչներից, սակայն շուտով վերականգնեց կորցրածը` հաղթելով Իսրայելի ուժեղ հավաքականին (2,5 :1,5): Այնուհետև Հայաստանը ներկայացնող շախմատիստները հաջողության հասան առաջնությունը հյուրընկալող Թուրքիայի հավաքականի նկատմամբ (3,5:0,5): Բրազիլիայի ընտրանին նույնպես զիջեց օլիմպիական չեմպիոններին (2,5:1,5):

(Թուրքիայի նկատմամբ Հայաստանի հաղթանակը ցնծությամբ ընդունեցին հայ մարզասերները, ովքեր այն դիտեցին որպես ինչ-որ առումով վրեժ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից, որի ղեկավարը, իմիջիայլոց, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: Նման վերաբերմունքի առիթը հիմնականում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի` Աշխարհի գավաթի որակավորման խաղերում Թուրքիայի ընտրանու հետ մրցապայքարում երկու պարտություններն էին, այդ թվում` անցյալ տարվա հոկտեմբերի 14-ին Բուրսայում կրած անհաջողությունը: Այդ պարտություններից վիրավորված հայ երկրպագուները հրաժարվում էին ընդունել երկու հավաքականների խաղամակարդակների մեծ տարբերությունը: Խորհրդային ժամանակաշրջանում հայերը ֆուտբոլային լավ ավանդույթներ ունեին: Սարգսյանը և նրա թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլը ֆուտբոլայի այս հանդիպումները օգտագործեցին որպես առիթ` կարգավորելու երկու պետությունների միջև խզված հարաբերությունները: Այս «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքները, ի տարբերություն ֆուտբոլային խաղերի, դեռևս պարզ չեն:)

Վերջին արդյունքներին ծանոթանալու համար այցելե´ք առաջնության պաշտոնական կայքէջը` http://wtcc2009.tsf.org.tr/

Բասկետբոլ. 2009/2010 Եվրագավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչի «Հատիս»-«Նադեժդա» պատասխան հանդիպման ժամանակ Երևանի ակումբին, որը դարձավ 2009 թ. մարզական սենսացիան, անհրաժեշտ է մրցակցին հաղթել 11 միավորի առավելությամբ: Հանդիպումը կանցկացվի հինգշաբթի Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում:

Երկու թիմերի միջև առաջին խաղը անցկացվեց հունվարի 7-ին Երևանում: Մարզական ասպարեզ վերադարձած կանանց բասկետբոլի թիմը` «Հատիսը», սեփական հարկի տակ 80:69 հաշվով պարտվեց ռուսաստանյան ակումբին:

Անցյալ տարվա վերջին Եվրագավաթի խաղարկության F խմբում ընդգրկված «Հատիսը», որի կազմում հանդես են գալիս Սերբիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից և Ճամայկայից բասկետբոլիստուհիներ, մեծ հաջողություն ունեցավ` որակավորման փուլից անցնելով «փլեյ-օֆ»: Վերջին 20 տարիների ընթացքում «Հատիսն» առաջին անգամ էր մասնակցում նման կարևոր առաջնության:

«Հատիսի» հաջողությանը նպաստեցին օրեցօր ստվարացող բասկետբոլի երկրպագուների բանակը և մի քանի հովանավորներ: Հայաստանի մայրաքաղաքը ներկայացնող թիմը երկու անգամ հաղթեց Թուրքիայի «Բեշիկթաշ» թիմին` գոհացնելով հայ մարզասերներին, որոնց հետաքրքրությունը բասկետբոլի նկատմամբ էլ ավելի մեծացավ: «Հատիսը» հաղթանակ տոնեց նաև սեփական հարկի տակ ռուսաստանյան «Չևակատա» թիմի նկատմամբ: Այսպիսով Երևանի բասկետբոլի ակումբը խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը` հզոր մրցակից Հունաստանի «Սոնի Աթինաիկոսից» հետո:

Թեև «Հատիսի» առաջատար խաղացողներից մեկը` Մաուրիտա Ռեյդը, հեռացավ թիմից դեկտեմբերի վերջին` ձմեռային ընդմիջման ընթացքում, ակումբի կազմում ընդգրկվեցին երկու նոր խաղացողներ` Ամանդա Ջեքսոնը (ԱՄՆ) և Ադեոլա Օրանռևայուն (Նիգերիա):

«Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը լիահույս է, որ իր թիմն ի վիճակի է հասնելու լավ արդյունքի պատասխան խաղում և անցնելու հաջորդ փուլ: