Օլիմպիական խաղեր. Վանկուվերում Հայաստանը կներկայացնի չորս մարզիկ

Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է Հայաստանը ներկայացնող չորս դահուկորդների մասնակցությունն առաջիկա ձմեռային օիմպիական խաղերին, որն անցկացվելու է Կանադայի Վանկուվեր քաղաքում փետրվարի 12-ից մարտի 1-ը:

Արագավազքի և լեռնադահուկային մարզաձևերում հանդես կգան Սերգեյ Միքայելյանը (Աշոցք) և Քրիստինե Խաչատրյանը (Գյումրի), իսկ ամերիկահայ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը և Արսեն Ներսիսյանը (Ծաղկաձոր)` հսկա ոլորավայրէջք և ոլորավայրէջք մարզաձևերում:

Հայաստանի գեղասահորդները, որոնք մեր երկիրը ներկայացրել էին 2006 թ. ձմեռային օլիմպիական խաղերում, այս տարի չանցան որակավորման փուլը:

Հայաստանի փոքր հավաքականը 1994-ից հինգերորդ անգամ է մասնակցում ձմեռային օլիմպիական խաղերին և մինչ օրս ոչ մի մեդալ չի նվաճել:

Իտալիայի Թուրին քաղաքում 2006 թ. անցկացված օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնում էին հինգ մարզիկ (երկու դահուկավազորդ, մեկ լեռնադահուկորդ և մեկ զույգ գեղասահորդ), որոնք բոլորն էլ անհաջող ելույթ ունեցան, հատկապես դահուկորդները, որոնք մրցելույթներն ավարտեցին վերջին և նախավերջին տեղերում:

Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ամենամեծ հավաքականը (ինը մարզիկ) եղել է 2002 թ. ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթիիում:

Ձմեռային օլիմպիական խաղերին նախապատրաստվող Հայաստանի հավաքականի մասին առաջիկա նորություններին ծանոթանալու համար այցելե´ք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայք` www.armnoc.am: