Հայաստանի հավաքականը Վանկուվերում

21-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 12-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում և կտևեն մինչև մարտի 1-ը:

Անկախությունից հետո Հայաստանի փոքրաթիվ հավաքականը հինգերորդ անգամ է մասնակցում ձմեռային օլիմպիական խաղերին: Վանկուվերի օլիմպիական խաղերին կմասնակցեն 85 երկիր ներկայացնող ավելի քան 5000 մարզիկ, որոնք մրցելու են 15 մարզաձևերում 86 մեդալի համար:

Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող բոլոր չորս մասնակիցներն էլ դահուկորդներ են, երկուսը` սովորական, երկուսը` լեռնադահուկորդ: Նրանց մասին կարդացե´ք այստեղ`

Հայաստանի համար առաջին մրցութային օրը փետրվարի 15-ին է: Այդ օրը հանդես կգա Սերգեյ Միքայելյանը 15 կմ մրցավազքում: Այնուհետև նույն մարզաձևում կանանց մրցապայքարում հանդես կգա Քրիստինե Խաչատրյանը: Փետրվարի 21-ին և 27-ին հայ լեռնադահուկորդներ Արսեն Ներսիսյանը և Անի-Մաթիլդա Սերեբրակյանը կմրցեն, համապատասխանաբար, կանանց և տղամարդկանց ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք ձևերում:

Ո´չ Հայաստանի սպորտի պաշտոնյաները և ո´չ էլ մարզասերները Վանկուվերից հայերից մեդալներ չեն ակնկալում: Լավագույն 20-ի մեջ մտնելն իսկ Հայաստանի ցանկացած ներկայացուցչի համար կարող է հաջողություն համարվել: Այդուհանդերձ, եթե ինչ-որ մեկին հաջողվի նվաճել ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալ, Հայաստանի օլիմպիական կոմիտեն կշնորհի, համապատասխանաբար, 30 000, 20000 կամ 10 000-ական դոլար: