Ոչ վերջինը. հայ մարզիկները մասնակցեցին Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերի դահուկավազքին

Երկուշաբթի Կանադայում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Քրիստինե Խաչատրյանը ձմեռային օլիմպիական խաղերի դահուկավազք մրցաձևում մեկնարկեց վերջինը, սակայն 10 կիլոմետրանոց մրցավազքն ավարտեց վերջից երրորդը:

Վանկուվերի «Վիսլեր» օլիմպիական զբոսայգում կայացած դահուկավազքում Հայաստանի հավաքականի անդամն առաջին անգամ էր հանդես գալիս այս ձմեռային օլիմպիական խաղերում: Խաչատրյանը 78 մասնակիցների մեջ մրցավազքն ավարտեց 76-րդը (34:17,5 ժամանակում): Այս դահուկավազքում հաղթող ճանաչվեց Նորդիկ հավաքականի ներկայացուցիչը (լավագույն արդյունքը` 24:58,4, ցույց տվեց շվեդ մարզիկը): 20-ամյա գյումրեցի մարզիկին հաջողվեց շրջանցել Մակեդոնիայի և Սերբիայի ներկայացուցիչներին, որոնց արդյունքներն էին, համապատասխանաբար, 34:45,8 և 35:47,4:

Կանանց դահուկավազքի ամբողջական, այդ թվում` Հայաստանի դահուկորդի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մինչ այդ Սերգեյ Միքայելյանն ավելի հաջող հանդես եկավ տղամարդկանց 15 կիլոմետրանոց դահուկավազքում: 17-ամյա հայազգի մարզիկը, որը Հայաստանի ամենացուրտ շրջանից` Աշոցքից է, 95 մասնակիցների մեջ 70-րդն էր: Միքայելյանը ցույց տվեց 37:58,9 րոպե արդյունք` 4:22,6 րոպեով հետ մնալով այս մարզաձևում հաղթող ճանաչված Շվեյցարիան ներկայացնող Դարիո Կոլոգնայից:

Տղամարդկանց մրցավազքի ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Վանկուվերում հայ դահուկորդների ցույց տված արդյունքներն ավելի բարձր էին, քան չորս տարի առաջ Իտալիայի Թուրին քաղաքում Հայաստանը ներկայացնող դահուկորդների արդյունքները (թեև մարզիկների հաղթահարած տարածությունը տարբեր էր):

Այն ժամանակ դահուկորդներ Էդմոն Խաչատրյանը և Հովհաննես Սարգսյանը անհատական սպրինտի (1300 մետր) որակավորման փուլում, որին մասնակցում էին 80 դահուկորդ, եզրագիծը հատեցին 79-րդը (Հովհաննես Սարգսյան՝ 2:47,68) և 80-րդը (էդմոն Խաչատրյան՝ 2:49,98)` հաղթողին զիջելով, համապատասխանաբար, 34,15 և 36,45 վայրկյանով: Իսկ որակավորման գոտուց հայ մարզիկները հետ մնացին, համապատասխանաբար, 27,23 և 29,53 վայրկյանով:

Մինչ այդ ընթացիկ խաղերում Հայաստանի հաջորդ ներկայացուցիչը լինելու է դրոշակակիր Արսեն Ներսիսյանը: 22-ամյա ծաղկաձորցի լեռնադահուկորդն առաջին անգամ կմասնակցի տղամարդկանց հսկա ոլորավայրէջք մարզաձևում (փետրվարի 21-ին` ժամը 10:00-ին` Վանկուվերի ժամանակով), ապա` ոլորավայրէջք մարզաձևում (փետրվարի 27-ին, ժամը 10:00-ին` Վանկուվերի ժամանակով): Ամերիկայում ծնված 21-ամյա Անի-Մաթիլդա Սերեբրակյանը, որը Սան Ֆրանցիսկոյի համալսարանի երկրորդ կուրսի ուսանող է, կմրցի հսկա ոլորավայրէջք և ոլորավայրէջք մարզաձևերում համապատասխանաբար փետրվարի 24-ին և 26-ին (երկուսն էլ կսկսվեն ժամը 10:00-ին` Վանկուվերի ժամանակով):

(Վանկուվերը Գրինվիչի ժամանակից 9 ժամով հետ է, իսկ Երևանը` 13 ժամ)