Պայքար սառույցի վրա. Հայաստանում անցկացվում է տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը

Չորեքշաբթի երեկոյան Երևանում կմեկնարկի Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (ՏՀՄՖ) 2010 թ. աշխարհի առաջնության երրորդ դիվիզիոնի մրցաշարը: Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ կընդունի երեք այլ երկրների հավաքականների:


Ապրիլի 14-18-ն անցկացվող երրորդ դիվիզիոնի մրցաշարի Բ խմբում միմյանց հետ իրենց ուժերը կչափեն Հայաստանը, Հարավային Աֆրիկան, Մոնղոլիան և Հյուսիսային Կորեան:

Հիմնական առաջնությանը, որին մասնակցում է 16 երկիր, նախորդում է առաջնությունը երեք դիվիզիոններում: Երրորդն ամենաթույլն է: Յուրաքանչյուր դիվիզիոն բաժանված է երկու ենթախմբերի՝ Ա և Բ, որոնք հավասար կարգավիճակում են:
Նախքան այս երեկո Հարավային Աֆրիկայի ընտրանու հետ մրցելը, երկուշաբթի Հայաստանի հավաքականը ցուցադրական խաղում 22:1 հաշվով վճռական հաղթանակ տարավ Վրաստանի ընտրանու նկատմամբ:

Հայաստանը 1999 թ. ՏՀՄՖ անդամ է: Ներկայումս Հայաստանի տղամարդկանց հիմնական հավաքականը պաշտոնապես վերջինն է 48 անդամ երկրների մեջ: (Աղյուսակն ամբողջությամբ կարդացե´ք այստեղ).

2005 թ. աշխարհի երրորդ դիվիզիոնի առաջնության ժամանակ կրած ծանր պարտությունից (ներառյալ` 0:48 հաշվով Մեքսիկայից կրած պարտությունը) հետո Հայաստանը փոքր-ինչ բարելավեց դիրքերը` տանելով մի քանի հաղթանակ, ի թիվս որոնց 2006 թ. Իռլանդիայի (6:0) և Լյուքսեմբուրգի (10:6) նկատմամբ: Հենց այդ տարի Հայաստանն իր ամենաբարձր տեղը զբաղեցրեց հինգ երկրների մասնակցությամբ դիվիզիոնում` հանգրվանելով մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում և ձեռքից բաց թողնելով ավելի բարձր դիվիզիոն անցնելու հնարավորությունը:

Անցյալ տարի ՏՀՄՖ-ն մեկ տարով որակազրկեց Հայաստանի հավաքականը` մինչև 20 տարեկանների հոկեյի աշխարհի առաջնության ժամանակ խաղալու իրավունք չունեցող մի խումբ մարզիկներ հայտարարագրելու համար:

Հայաստանը տափօղակով հոկեյի երկարատև պատմություն կամ ավանդույթներ չունի: Այս մարզաձևում ուժեղ են համարվում Հյուսիսային Ամերիկայի և Նորդիկ երկրների հավաքականները: Իսկ նախկին խորհրդային հանրապետությունն ունի 125 հոկեյիստ, ինչպես նաև երկու փակ և երեք բացօթյա սահադաշտեր:

Ընթացիկ առաջնությունը կանցկացվի փակ սահադաշտերից մեկում`«Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում: Մյուսը գեղասահքի դպրոցի մարզադաշտն է, որը գտնվում է Շենգավիթ համայնքում և նախատեսված է նաև հոկեյի պարապմունքներ անցկացնելու համար: Բացօթյա մարզադաշտերը գտնվում են Վարդենիսում, Գյումրում և Երևանում (օպերայի շենքի մոտ գտնվող Կարապի լիճը ձմռանը վերածվում է սահադաշտի):