Դեմավենդի մարտահրավերը. Հայաստանի լեռնագնացների հավաքականը Թեհրանում է` նվաճելու Իրանի ամենաբարձր գագաթը

Հայաստանի լեռնագնացների հավաքականը մեկնել է Թեհրան` մասնակցելու միջազգային ալպինիադային, որը կանցկացվի հունվարի 25-28-ը: Հայաստանի ալպինիզմի հավաքականը կայցելի Իրանի ալպինիզմի ֆեդերացիա` առաջնությունից առաջ ծանոթանալու Իրանի բարձրագույն կետի` Դեմավենդի (5671 մ) վերելքի պայմաններին: Այս մասին Panorama.am-ին հաղորդել է Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը:

Միջազգային ալպինիադային մասնակցելու են 25 երկրի 200 ալպինիստներ: Հինգշաբթի հայ ալպինիստները կբարձրանան 4100 մ բարձրության վրա գտնվող ճամբար, իսկ ուրբաթ և շաբաթ ծրագրվում է ավարտել վերելքը: Ջերմաստիճանը լեռան վրա -30-40 C է, որն ավելի կդժվարացնի փորձությունը:

Հայ լեռնագնացները որակավորվել են մասնակցելու մրցույթին` 2011-ին մի քանի բարձունք, այդ թվում` Արարատ (5165 մ) և Կազբեկ լեռները (5033 մ) հաղթահարելուց հետո: Յոթ հոգանոց թիմը Դեմավենդի գագաթը նվաճել էր դեռևս անցյալ տարվա ամռանը, որից հետո հրավիրվել է մասնակցելու ալպինիադային: