Ֆուտբոլ. ֆրանսիահայ նախկին մարզիկը ցանկանում է մարզել Հայաստանի հավաքականը

Ֆուտբոլ. ֆրանսիահայ նախկին մարզիկը ցանկանում է մարզել Հայաստանի հավաքականը

Source: Wikipedia

Յուրի Ջորկաեֆ

Francefootball.fr ամսագրին տված հարցազրույցում 1998 թ. աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆն ասել է, որ կցանկանար մարզել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը:


42-ամյա ֆրանսիահայ ֆուտբոլիստ Ջորկաեֆն ասել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից պաշտոնական առաջարկ չի ստացել, «սակայն եթե մի օր առաջարկեն ստանձնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնը, ես կմտածեմ այդ մասին»,- հրապարակման համաձայն ասել է նա:

«Հայրս` Ջինը, մարզել է Հայաստանի ազգային հավաքականը: Հաճելի կլիներ, եթե մի օր էլ ես դառնայի Հայաստանի ընտրանու մարզիչը»,- հավելել է նա:

Ջորկաեֆը, որի մայրը հայ է, որպես հարձակվող կամ առաջ քաշված կիսապաշտպան խաղացել է մի շարք առաջատար եվրոպական թիմերում, այդ թվում` «Պարի Սեն Ժերմենում» (Ֆրանսիա), «Ինտերնացիոնալում» (Միլան, Իտալիա), «Կայզերսլաութերնում» (Գերմանիա), «Բոլթն Ուոնդերըրզ»-ում (Միացյալ Թագավորություն) և այլն:

Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում Ջորկաեֆը նվաճել է ՖԻՖԱ-ի 1998 թ. աշխարհի գավաթը, իսկ 2000 թ.` Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

1999 թ. մեկ այլ ֆրանսիահայ ֆուտբոլիստի և աշխարհի գավաթակիր Ալեն Պողոսյանի հետ Ջորկաեֆը «Եվրո-2000»-ի որակավորման փուլում խաղացել է Երևանում Հայաստանի ընտրանու դեմ, տուգանային հարվածից վճռական գոլի հեղինակ դարձել և հաղթանակ պարգևել «Լե Բլուզին» (Ֆրանսիայի ընտրանին հաղթել է 3:2 հաշվով): Ջորկաեֆին և Պողոսյանին ընդունել է այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը նրանց է հանձնել ՀՀ անձնագրեր և, ինչպես հաղորդվում է, նրանց ասել. «Հայաստանը ձեր երկիրն է»: