Ֆուտբոլ. Հայաստանի մարզիչը Դանիայի հետ ոչ-ոքիից հետո բարձր է գնահատել թիմի նվիրվածությունը

Ֆուտբոլ. Հայաստանի մարզիչը Դանիայի հետ ոչ-ոքիից հետո բարձր է գնահատել թիմի նվիրվածությունը

Ֆոտոլուր

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել իր թիմին երկուշաբթի երեկոյան Երևանում Եվրո-2016 ընտրական փուլում Դանիայի հետ հանդիպումը ոչ-ոքի ավարտելուց հետո «անմնացորդ նվիրման» համար:

Ի տարբերություն անցյալ շաբաթ Սերբիայի հետ արտագնա հանդիպմանը 0:2 հաշվով պարտությունից հետո իր մեկնաբանությունների` նա նաև բարձր է գնահատել պաշտպաններին և նշել թիմի ընդհանուր խաղի բարելավումը:

«Խաղ կար, պահեր կային, բայց գոլ չխփեցինք։ Կարող էինք նաև պարտվել։ Ես մեր թիմի խաղի առաջընթացն եմ տեսնում»,- նշել է Հովսեփյանը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ:

«Սա ֆուտբոլ է, և ոչ մեկ չի կարող գուշակել, թե ինչ կլինի։ Նրանք անմնացորդ նվիրվեցին խաղին, և ես նրանց շնորհակալ եմ»,- հավելել է 42-ամյա մասնագետը, ով Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 131 միջազգային հանդիպումներին` նախքան 2012 թ. մեծ ֆուտբոլից հեռանալը:

Վերջին ոչ-ոքին Հայաստանին բերեց առաջին միավորը Հովսեփյանի գլխավորությամբ, որը ապրիլին փոխարինեց շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդին:

Այժմ Հայաստանը յոթ հանդիպումից հետո ունի 2 միավոր և եզրափակում է ընտրական I խումբը:

Ընթացիկ ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հաջորդ հանդիպումը, կանցկացվի հոկտեմբերի 11-ին Երևանում Ալբանիայի հետ: