Տխուր մրցաշրջանի տխուր ավարտ. ֆուտբոլային մեկնաբանի խոսքով` Հայաստանը պետք է դասեր քաղի Եվրո-2016-ի ընտրական փուլից

Տխուր մրցաշրջանի տխուր  ավարտ. ֆուտբոլային մեկնաբանի խոսքով` Հայաստանը պետք է դասեր քաղի Եվրո-2016-ի ընտրական փուլից

Ֆոտոլուր

Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղին մեր հավաքականի պարտությունը խորքային պատճառներ ունի` «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ասաց ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց Ալբանիայի ընտրանուն 0:3 հաշվով, ընդ որում, ցավալին այն էր, որ գրանցված երեք գոլերից երկուսը ինքնագոլ էին:

Մեկնաբանը նկատեց, որ խաղի ընթացքում հավաքականի տղաները հաղթանակի հասնելու որևէ ցանկություն չէին ցուցաբերում:

«Չկային մտածված գրոհներ, կոմբինացիաներ, հարվածներ, բացառությամբ մի քանի դրվագների: Տպավորություն էր, որ տղաները խաղադաշտ էին դուրս եկել ոչինչ չանելու համար»,- ասաց նա:

Մեհրաբյանը կարծիք հայտնեց, որ թիմի խաղի վրա ազդեցություն է ունեցել այն հանգամանքը, որ եզրափակիչ դուրս գալու բոլոր հնարավորությունները կորցրել էին, բայց նույնիսկ այդ դեպքում անհրաժեշտ էր խաղալ ինքնասիրության, սեփական երկրպագուների համար:

Նրա համոզմամբ` մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը պետք է պարտադիր փոխել գլխավոր մարզչին, այնուհետև անհրաժեշտ է համալրել հավաքականի կազմը, հրավիրել նոր ֆուտբոլիստների, հավաքականում խաղային յուրաքանչյուր դիրքի համար ստեղծել լուրջ մրցակցություն:

Անդրադառնալով Սարգիս Հովսեփյանի հայտարարությանը շատ վատ խաղի և իրենց բոլորի մեղավորության մասին` Մեհրաբյանն ասաց, որ նրա համար հրաժարականը ամենալավ տարբերակը կլինի:

«Պետք է գիտակցել, որ հավաքական գլխավորելու համար մարզչական երկար ճանապարհ և անհրաժեշտ մակարդակ է հարկավոր: Միգուցե տարիներ հետո Սարգիս Հովսեփյանը իսկապես կարողանա դառնալ լավ մարզիչ, բայց ներկա պահին նրա աշխատանքը հավաքականում կարելի է ավարտել»,- նշեց նա:

Վերջում ֆուտբոլային մեկնաբանը հույս հայտնեց, որ նման վատ ելույթներից հավաքականը և մարզչական կազմը ճիշտ դասեր կքաղեն, և աշխարհի առաջնության ընտրական փուլում բոլորովին այլ պատկեր կլինի:

«Հայ երկրպագուն կարոտել է հաղթանակներին և ուրախանալու մեծ կարիք ունի»,-եզրափակեց նա: