Ֆուտբոլ. Հայաստանում կանցկացվի Բերեզովսկու հրաժեշտի խաղը

Ֆուտբոլ. Հայաստանում կանցկացվի Բերեզովսկու հրաժեշտի խաղը

Ֆոտոլուր

Հայաստանի հավաքականի փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով անցյալ տարի հեռացել է միջազգային ֆուտբոլից, մարտի 25-ին Երևանում Բելառուսի հետ ազգային հավաքականի ընկերական հանդիպմանը կանցկացնի իր հրաժեշտի խաղը:

41-ամյա Բերեզովսկին Հայաստանի հավաքականում հանդես է եկել 93 անգամ` 1996 թվականից ի վեր որպես ազգային ընտրանու հիմնական դարպասապահ, իսկ 2012-ից` թիմի ավագ: Իր վերջին հանդիպումը հավաքականի կազմում նա անցկացրել է Եվրո-2016 ընտրական փուլի շրջանակներում:

Նախքան մեծ ֆուտբոլից հեռանալը փորձառու խաղացողը աշխարհի այն սակավաթիվ ֆուտբոլիստներից էր, ով այդ տարիքում շարունակում էր հանդես գալ ազգային հավաքականի կազմում:

Բերեզովսկուն է նաև պատկանում Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստի ցուցանիշը` նախկին ավագ Սարգիս Հովսեփյանից հետո, ով հեռացավ ֆուտբոլից 40 տարեկանում 2012 թ.` հավաքականի կազմում 131 հանդիպում անցկացնելուց հետո: