ՀՖՖ ղեկավար. Մովսիսյանը, Արզումանյանը, Կասպարովը չեն հրավիրվի ազգային հավաքական

ՀՖՖ ղեկավար. Մովսիսյանը, Արզումանյանը, Կասպարովը չեն հրավիրվի ազգային հավաքական

Ֆոտոլուր

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ղեկավար Ռուբեն Հայրապետյանը, ասել է, որ հարձակվող Յուրա Մովսիսյանը, պաշտպան Ռոբերտ Արզումանյանը և դարպասապահ Գևորգ Կասպարովը այլևս երբեք չեն հրավիրվի ազգային հավաքական քանի դեռ ինքը ֆեդերացիայի նախագահն է:

«Ֆուտբոլ +»-ին տված հարցազրույցում Հայրապետյանը հաստատել է, որ դա եղել է իր պահանջը, որ ֆուտբոլիստները չհրավիրվեն Հայաստանի ազգային հավաքական, որի նոր գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի ղեկավարությամբ այս շաբաթ ավելի ուշ Հայաստանը առաջին անգամ ընկերական հանդիպում կանցկացնի:

ՀՖՖ ղեկավարը մեղադրել է երեք ֆուտբոլիստներին ազգային հավաքականին նվիրվածության բացակայության մեջ:

«Նրանք [Մովսիսյանը, Արզումանյան, Կասպարովը] ունեն ֆուտբոլային բարձր որակներ, բայց դա չի նշանակում, որ հավաքականը նրանց համար զբոսանքի կամ զվարճանքների վայր է, որ գան ու զվարճանան»,- ասել է Հայրապետյանը:

Եվրո-2016-ի ընտրական փուլն անփառունակ ավարտելուց հետո ՀՖՖ նախագահը քննադատել էր մի խումբ խաղացողների «դավաճանության» մեջ, որը Հայաստանում և արտերկրում որոշ լրատվամիջոցների հիմք տվեց ենթադրելու, որ հոկտեմբերին Երև անում Ալբանիային 0:3 հաշվով պարտությունը «պայմանավորված խաղի» հետևանք էր:

Հայրապետյանը, սակայն, հետագայում պարզաբանել է, որ ինքը նկատի չի ունեցել, թե որոշ հայ ֆուտբոլիստների կողմից «դավաճանություն» է եղել, ինչպես ավելի վաղ իր մեղադրանքները մեկնաբանել էին որոշ բալկանյան լրատվամիջոցներ:

Մովսիսյանը (28 տարեկան), Արզումանյանը (30 տարեկան) և Կասպարովը (35 տարեկան) ազգային հավաքականի մի խումբ խաղացողներից էին, ովքեր անցյալ տարի բաց նամակ էին հրապարակել` հերքելով ազգային հավաքականին նվիրվածության բացակայության մեղադրանքները:

Բոլոր երեք ֆուտբոլիստներն էլ վերջին տարիներին համարվում էին հավաքականի առանցքային խաղացողներից, և նրանց բացակայությունը կարող է բազմաթիվ երկրպագուների շրջանում հիասթափություն առաջացնել:

Մինչդեռ Հայրապետյանը նշել է, որ մեկ այլ խաղացողի` Գևորգ Ղազարյանի հրավերի բացակայությունը ոչ թե իր, այլ նոր գլխավոր մարզչի որոշումն է, և դա չի նշանակում, որ հավաքականի դռները նրա առաջ փակ են: