Ֆուտբոլասերների սրտով չէ. ազգային թիմի առանցքային խաղացողներին հեռացնելու ՀՖՖ ղեկավարի որոշումը քննադատության է ենթարկվում

Ֆուտբոլասերների սրտով չէ. ազգային թիմի առանցքային խաղացողներին հեռացնելու ՀՖՖ ղեկավարի որոշումը քննադատության է ենթարկվում

Photo: Via Facebook

Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկող երեք հայտնի և սիրված ֆուտբոլիստների հեռացումը ոչ միայն զայրացրել է հայ ֆուտբոլասերներին, այլև ամենատարածված մարզաձևի ապագայի մասին քննարկումների առիթ դարձել։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ղեկավար Ռուբեն Հայրապետյանն այս շաբաթ հայտարարեց, որ հարձակվող Յուրա Մովսիսյանը, պաշտպան Ռոբերտ Արզումանյանը և դարպասապահ Գևորգ Կասպարովը այլևս երբեք չեն հրավիրվի ազգային հավաքական, քանի դեռ ինքը ֆեդերացիայի նախագահն է: Հայրապետյանը նրանց մեղադրել է ազգային հավաքականին նվիրվածության բացակայության մեջ:

Սակայն այս ֆուտբոլիստները վերջին տարիներին համարվում էին հավաքականի առանցքային խաղացողներից, և նրանց բացակայությունը չեն ողջունում ֆուտբոլասերները։

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներին տնային և արտագնա հանդիպումների ժամանակ ակտիվ աջակցելու և հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստել նպատակով 2007-ին ստեղծված «Առաջին հայկական ճակատ» ֆան շարժման համար ևս անընդունելի է նման քաղաքականությունը։

Շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ այս ամենը չի կարող լավ բանի հանգեցնել։

«Մենք անցկացրել ենք բողոքի ակցիաներ՝ պահանջելով մի կողմ դնել ամբիցիաները, պետք է հրավիրվեն բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր հարմար կլինեն տվյալ իրավիճակում, կամ ում անհրաժեշտ կգտնի կանչել մարզիչը։ Սակայն այսօր լրիվ հակառակ պատկերն է ստացվում»,- ասում է Ջանջոյանը՝ հավելելով, որ շարունակելու են բարձրաձայնել այդ հարցերը։

Մյուս կողմից` այս փոփոխությունները շատերի մոտ վերջին տարիներին պասիվացած հավաքականի սերնդափոխության և ակտիվացման հույս են ներշնչում։

Մարզական մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ սերնդափոխությունն արդեն սկսված է, պարզապես հայ ֆուտբոլասերների համար ոչ լավագույն ձևն է ընտրված։

«Երեք կարևոր ֆուտբոլիստների առջև այս պահին դռները հիմնովին փակելը ինքս որպես ֆուտբոլասեր, որպես մեկնաբան չեմ ողջունում, կնախընտրեի, որ ավելի թեթև արվեր ամեն բան։ Եթե կար մեղադրանք, կցանկանայի տեսնել ավելի թեթև սանկցիաներ, ոչ թե հավաքականից դուրս թողնել։ Մենք Իտալիայի կամ Իսպանիայի պես ֆուտբոլային գերտերություն չենք, փոքր երկիր ենք, որտեղ յուրաքանչյուր ֆուտբոլիստ անչափ կարևոր է»,- կարծում է մեկնաբանը։

Ջանջոյանը ևս կարծում է, որ սերնդափոխությունը չպետք է այդպիսի ջարդով արվի։

«Սերնդափոխության մասին էլ դժվար է խոսել, քանի որ հավաքականում նոր հրավիրված ֆուտբոլիստները 30-ն անց են»,- նշում է ֆուտբոլասերը։

Դորտմունդի «Բորուսիայի»¬ հայազգի կիսապաշտպան, սիրված ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ևս անդրադարձել է փոփոխություններին՝ նշելով, որ թեև տղաների բացակայությունը կզգացվի, բայց կլինեն ֆուտբոլիստներ, որոնք պատրաստ կլինեն նրանց փոխարեն խաղալու:

«Եթե մարզիչը որոշել է չհրավիրել նրանց, ուրեմն այդպես է պետք: Ես չեմ կարող ասել, թե ինչո՛ւ է նա նման որոշում կայացրել: Նորեկներին էլ կփորձենք օգնել, որպեսզի շուտ մերվեն թիմին ու անեն այն, ինչ մարզիչը կպահանջի նրանցից»,- ասել է Մխիթարյանը: