«Շնորհակալություն, Ռոմա՛». ֆուտբոլասերները հրաժեշտ են տալիս լեգենդար դարպասապահ Բերեզովսկուն

«Շնորհակալություն, Ռոմա՛». ֆուտբոլասերները հրաժեշտ են տալիս լեգենդար դարպասապահ Բերեզովսկուն


Շնորհակալություն, Ռոմա՛… Այսօր՝ մարտի 25-ի երեկոյան, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կլինի Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ 41-ամյա Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Շուրջ 20 տարի 90-ից ավելի հանդիպում հավաքականի կազմում անցկացրած հայ երկրպագուի սիրելի Ռոման, ընկերների սիրելի Բերեզը՝ Հայաստանի ազգային հավաքականի նախորդ տարի կայացած Հայաստան-Պորտուգալիա հանդիպումից հետո որոշեց ավարտել ֆուտբոլիստի իր կարիերան: Խորհրդանշական է, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր առաջին հանդիպումը Բերեզովսկին նույնպես անցկացրել էր Պորտուգալիայի հավաքականի հետ:

Հայաստանի ազգային ընտրանու հիմնական դարպասապահ Բերեզովսկին բազմիցս փրկել է հավաքականը անհուսալի թվացող խաղերում, ունեցել է հաջող հանդիպումներ, տարել հիշարժան հաղթանակներ, ամուր ու վստահելի թիկունք եղել պաշտպաններին։

Այսօր էլ Մոսկվայի «Դինամո» ակումբի հետ աշխատող ֆուտբոլիստն ունեցել է ակումբային փայլուն կարիերա՝ հանդես գալով ռուսական հանրահայտ ակումբներում և մինչ օրս հետ մղած 11-մետրանոցների թվով համարվում է ռեկորդակիր ԽՍՀՄ և Ռուսաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահների շարքում:

Հայաստանում ծնված և մեծացած ռուս դարպասապահը հրաժեշտի խաղի համար հինգշաբթի Հայաստան է ժամանել և նշել, որ միշտ էլ շատ սիրով է Հայաստան եկել և այն համարում է իր հայրենիքը։

«Ես միշտ եկել եմ՝ սիրելով իմ հայրենիքը։ Էս փոքր երկիրը, օդն ինձ շատ հարազատ են, իսկ հավաքականն էլ ցանկացած մարդու համար ամենահարազատ բանն է, ոնց որ մոր համար երեխան»,- նշել է դարպասապահը՝ հավելելով, որ հավաքականում ամենատխուր օրը հավանաբար կլինի հենց հրաժեշտի խաղը:

Սակայն, բացի այն, որ սիրելի դարպասապահին այլևս չենք տեսնելու, նրա հեռանալը նաև մեկ այլ խնդիր է առաջ բերում` ո՛վ կլինի նրան փոխարինող։

«Մեր տղեքը լավն են, և ես հույս ունեմ, որ ամենալավ փոխարինողը կգա իմ հետևից»,- ասել է դարպասապահը, սակայն հայկական ֆուտբոլի վետերաններն այնքան էլ լավատես չեն այս հարցում։

«Արարատ 73» լեգենդար թիմի դարպասապահ, «Արարատ 2» ակումբային թիմի դարպասապահների մարզիչ Ալյոշա Աբրահամյանն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ Հայաստանում անհրաժեշտ է դարպասապահների լուրջ դպրոց բացել։

«Ամբողջ աշխարհում կան դարպասապահների առանձին խմբեր, որը Հայաստանում բացակայում է, և խնդիրը ֆինանս չէ, այլ՝ ցանկությունը։ Պետք է հատուկ դարպասապահների խումբ լինի, նրանց առանձին գույք է հարկավոր, մարզումներ, որ կարողանանք ժամանակին դարպասապահներ ապահովել»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Աբրահամյանը:

«Արարատ 73»-ի մեկ այլ ֆուտբոլիստ` Սերգեյ Պողոսյանն էլ «ԱրմենիաՆաուին» ասում է, որ թեև հայկական ֆուտբոլում այսօր լավ տղաներ կան, սակայն արհեստավարժության պակաս ունեն։

«Շատ աշխատանք է հարկավոր, պետք է աշխատեն իրենց վրա, սակայն հույս ունեմ, որ կգտնեն լավագույն դարպասապահին մեր թիմի համար»,- ասում է Պողոսյանը։

Ուրբաթ կայանալիք խաղը կլինի Բերեզովսկու հրաժեշտի, սակայն 2015-ի դեկտեմբերին նշանակված նոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի և նոր հավաքականի «ողջույնի» խաղը։

Ու չնայած օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ղեկավար Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ երեք առաջատար ֆուտբոլիստներ այլևս երբեք չեն հրավիրվի ազգային հավաքական, քանի դեռ ինքը ֆեդերացիայի նախագահն է, սակայն հայ ֆուտբոլասերները չեն հուսահատվում և սպասվում են այսօրվա խաղին՝ հույս ունենալով, որ վերջին խաղերին իրեն ոչ այնքան հաջող դրսևորած հավաքականն առաջիկայում ուրախացնելու առիթներ կտա։