Ծանրամարտ. աշխարհի առաջնությունը չափազանց ծանր եղավ Հայաստանի համար

Ծանրամարտ. աշխարհի առաջնությունը չափազանց ծանր եղավ Հայաստանի համար

Ֆոտոլուր

Հայաստանը ներկայացնող Հռիփսիմե Խուրշուդյանը 130 կգ ծանրաձողը բարձրացնելիս թևի վնասվածք է ստացել:

Կիրակի Փարիզում ավարտված ծանրամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականն անհաջող հանդես եկավ:


Աշխարհի առաջնությանը մասնակցում էին տասը հայ ծանրամարտիկ, սակայն նրանցից միայն մեկին` Տիգրան Մարտիրոսյանին (77 կգ), հաջողվեց մեդալ նվաճել: Նա կարողացավ պոկում վարժությունում արժանանալ փոքր բրոնզե մեդալի:

Բոլոր մյուս մարզիկները կա´մ դուրս են մնացել լավագույն եռյակից, կա´մ ձախողել են բոլոր մոտեցումները, կա´մ էլ վնասվածքն է խանգարել հաջող մրցելույթ ունենալուն:

Ծանր վնասվածք է ստացել կանանց մրցապայքարում հանդես եկող ծանրքաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, որի հետ Հայաստանում մեծ հույսեր են կապում ամռանը կայանալիք Լոնդոնի օլիմպիական խաղերում: Ինչպես հաղորդվում է, մարզուհու ձեռքը դուրս է ընկել` պոկում վարժության ժամանակ 130 կիլոգրամանոց ծանրաձողը բարձրացնելիս, որից հետո Խուրշուդյանն այլևս չի կարողացել շարունակել հետագա մրցապայքարը: Բժիշկները դեռ չեն հայտնել, թե որքան լուրջ է վնասվածքը:

Հայաստանի ծանրամարտի մյուս հույսը` 2009 թ. աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, գարնանից չի մասնակցում մրցաշարերին ավտովթարի ժամանակ ստացած լուրջ վնասվածքների պատճառով: Անցյալ ամիս նա ասել է, որ ծանրամարտ կվերադառնա միայն երկու տարի հետո, այսինքն` բաց կթողնի 2012 թ. օլիմպիական խաղերը: