Ծանրամարտ. մեծ հույսեր` չնայած Հայաստանի համար ծանր մրցաշրջանին

Ծանրամարտ. մեծ հույսեր` չնայած Հայաստանի համար ծանր մրցաշրջանին

Ֆոտոլուր

Թեև Հայաստանի հավաքականը 2011-ի ծանրամարտի աշխարհի առաջնությունում հաջող հանդես չեկավ, երկրի ծանրամարտի ֆեդերացիան մրցաշրջանը բավական հաջող է համարում` ասելով, որ հայ մարզիկները, մասնակցելով միջազգային տարբեր մրցաշարերի, ընդհանուր առմամբ նվաճել են 55 մեդալ` 17 ոսկե, 13 արծաթե և 25 բրոնզե:

Ավելի կարևոր է, որ, ըստ ֆեդերացիայի, Հայաստանի ծանրամարտիկները նվաճել են նաև Լոնդոնում անցկացվող օլիմպիական խաղերի վեց ուղեգիր` չորս տղամարդկանց, երկու կանանց:

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը ասում է, որ ազգային հավաքականի լավագույն ծանրամարտիկները մրցումների չեն մասնակցի մինչև Լոնդոնի օլիմպիական խաղերը, որոնք կմեկնարկեն 2012-ի հուլիսի 27-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 12-ը:

«Բաց կթողնեն նաև ապրիլին Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, քանի որ չեն հասցնի վերականգնվել և նախապատրաստվել մինչև լոնդոնյան խաղերը»,- ասում է ֆեդերացիայի նախագահը` հավելելով, որ օլիմպիական խաղերին կմասնակցեն նրանք, որոնք կբարձրացնեն ավելի շատ կիլոգրամներ:

Ֆեդերացիայի նախագահը դժգոհություն է հայտնել նոյեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած աշխարհի առաջնությանը հայ ծանրամարտիկների ցույց տված արդյունքներից, որտեղ միայն մեկ մարզիկի էր հաջողվել նվաճել մեկ փոքր բրոնզե մեդալ: Խաչատրյանի խոսքով` հայաստանյան թիմից ավելին էին ակնկալում` հաշվի առնելով հայ ծանրորդների մեծ ներուժը: Փոխարենը նա գոհունակությամբ է նշում այն փաստը, որ այս տարի Լիմայում (Պերու) կայացած պատանիների աշխարհի առաջնությունում առաջին անգամ պատանիների աշխարհի չեմպիոն դարձավ գերծանր քաշային կարգում Գոռ Մինասյանը: Համաշխարհային ուսանողական խաղերի ժամանակ էլ Աղասի Աղասյանը նվաճեց 2011 թվականի չեմպիոնի կոչումը:

Ֆեդերացիայի նախագահը հավաստիացրել է նաև, որ Հռիփսիմե Խուրշուդյանը, որը Փարիզում աշխարհի առաջնության ժամանակ վնասել էր ձեռքը, և ծնկի վնասվածք ունեցող Մելինե Դալուզյանը հաջողությամբ ապաքինվում են: Երկու մարզուհիներն էլ վիրահատվել են Մոսկվայի վնասվածքաբանության եվրոպական կենտրոնում: Ակնկալվում է, որ Երևան վերադառնալուց հետո նրանք մարզումները կվերսկսեն հունվարի 20-ից:

2011 թ. մրցումների հակադոպինգային ստուգումից հետո մինչև 2015 թ. որակազրկվել են Հայաստանի երկու առաջատար ծանրորդները (Էլեն Գրիգորյանը և Գևորիկ Պողոսյանը)` ենթադրաբար խթանիչներ օգտագործելու պատճառով: Ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչը նաև ասել է, որ որոշումը վերջնական չէ, քանի որ այսպես կոչված B թեստերի արդյունքները դեռ չեն ներկայացվել: Այդուհանդերձ, քանի դեռ որոշումը վերջնական չէ, այդ մարզիկները չեն կարող մասնակցել մրցումների:

Նազիկ Ավդալյանը, որը 2009-ին ավտովթարի էր ենթարկվել և ծանր վնասվածքներ ստացել, ի վիճակի չի լինի վերականգնվել մինչև 2012 թ.:

«Ավտովթարից հետո առնվազն մեկ-երկու տարի բժիշկները նրան արգելել են մոտենալ ծանրաձողին»,- ասում է Խաչատրյանը:

Ֆեդերացիայի ղեկավարն ասում է, որ ծանրամարտում վնասվածքներ հաճախ են լինում, սակայն Հայաստանում ծանրամարտով պրոֆեսիոնալ զբաղվողների թիվը հազարից չի անցնում: «Առաջատարներին հավասարազոր փոխարինողները քիչ են, այդ պատճառով էլ նրանց վնասվածքներն այդքան շոշափելի են անդրադառնում հավաքականի արդյունքների վրա»,- ասում է Խաչատրյանը: