Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը բողոքարկելու է ՄՕԿ-ի որոշումը

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը բողոքարկելու է ՄՕԿ-ի որոշումը

Ֆոտոլուր

Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հանդես է գալու նախաձեռնությամբ, որն ուղղված է լինելու միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)` ըմբշամարտը 2020 թվականի oլիմպիական խաղերի ծրագրից հանելու դեմ:

«Մի քանի օրից Իրանում կայանալու է աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու են շուրջ 10 երկրների հավաքականներ: Ուզում եմ միավորել աշխարհի բոլոր հայտնի ըմբիշներին, որպեսզի նամակ ուղարկենք ՄՕԿ, կամ էլ բողոքի ակցիաներ անենք, որպեսզի թույլ չտանք, որ նման բան տեղի ունենա»,- ընդգծել է հայ մարզիչը:

Վերջնական որոշումը կայացվելու է սեպտեմբերին: Ջուլֆալակյանը հուսով է, որ մեծ ժողովրդականություն վայելող մարզաձևը մնալու է օլիմպիական խաղերի ծրագրում:

Հայ մարզիկներն ավանդաբար աչքի են ընկել այս մարզաձևում` անկախությունից ի վեր օլիմպիական միակ ոսկե, ինչպես նաև երկու արծաթե մեդալների արժանանալով հենց ըմբշամարտում: Վերջին արծաթե մեդալը 2012 թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի ընթացքում նվաճել է հենց Լևոն Ջուլֆալակյանի որդին` Արսեն Ջուլֆալակյանը: