Ծանրամարտ. վեց հայ մարզիկները որակազրկվել են խթանիչներ օգտագործելու համար

Ծանրամարտ. վեց հայ մարզիկները որակազրկվել են խթանիչներ օգտագործելու համար


Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ որակազրկված ծանրորդների վերջին ցուցակը ներառում է վեց հայ ծանրորդի: Նրանք բոլորն էլ որակազրկվել են արգելված խթանիչներ օգտագործելու համար:

Հինգ մարզիկներ, այդ թվում` աշխարհի 2013 թ. երիտասարդական առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ Գոռ Մինասյանը և Անդրանիկ Կարապետյանը որակազրկվել են մինչև 2015 թ. փետրվարը, իսկ մեկ կին ծանրորդ որակազրկվել է ցմահ:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացրած ցուցակը ներառում է 40 ծանրորդի:

Սա առաջին դեպքը չէ, երբ հայ ծանրորդները որակազրկվում են խթանիչներ օգտագործելու համար: 2012-ին Հայաստանը ներկայացնող հինգ մարզիկներ էին որակազրկվել, 2011-ին՝ երկուսը հենց այս պատճառով:

Ուշագրավ է, որ անցյալ ամիս Լեհաստանում կայացած 2013 թ. աշխարհի մեծահասակների առաջնությանը միայն երեք հայ ծանրորդ էր մասնակցել, ընդ որում բոլորն էլ՝ բավական ցածր արդյունքներով: