Հյուրընկալում են աշխարհի ըմբիշներին. մյուս ամիս Հայաստանում կանցկացվի 2010 թ. ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը. Հայաստանն այս մարզաձևում ճանաչվել է աշխարհի լավագույն երկրներից մեկը` իրավունք ստանալով ոչ միայն մասնակցել, այլև անցկացնել այդ խաղերը Հայաստանում:

ՀՀ-ում խաղերը ձեռք բերելու իրավունքը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները կապում են նախորդ տարի Ֆրանսիայում աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ պատվավոր երրորդ տեղը գրավելու հետ:

Երևանում անցկացվելիք խաղարկության մասնակից 8 երկրների մեջ Հայաստանից բացի լինելու են նաև Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, Կուբան, Վրաստանը, Հունգարիան: Ութերորդն Ադրբեջանն է, որի մասնակցությունը առայժմ հարցականի տակ է, քանի որ նրանք դեռ հստակ պատասխան չեն տվել ֆեդերացիային:

«Պետք չէ այժմ կենտրոնանալ` կգա՞ն նրանք, թե՞ ոչ, կամ գալու պարագայում ի՞նչ կլինի, քանի որ այժմ պետք է ուրախանալ, որ նման կարգի խոշոր մրցումներ են անցկացվելու Հայաստանում»,- ասաց Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը:

Ամեն դեպքում նրանք կարծում են, որ Ադրբեջանի հետ մարզական հարաբերություններում սառույցն արդեն կոտրվել է, երբ հայերը 2007 թ. մասնակցեցին Բաքվում հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային աշխարհի առաջնությանը: Նույն հաջողությամբ նրանք պատրաստվում են 2 ամիս հետո նորից մեկնել Բաքու` արդեն Եվրոպայի առաջնությանը մասնակցելու: (Նույն կերպ, անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը մասնակցեց Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությանը: Ադրբեջանում հայ մարզիկների և Հայաստանում ադրբեջանցի մարզիկների անվտանգության հարցերի շուրջ կողմերը նախապես համաձայնության են եկել կառավարության մակարդակով և միջազգային կազմակերպությունների երաշխիքների համաձայն:)

Եթե Ադրբեջանը որոշի չմասնակցել, Հայաստան կգան կամ Դանիայի, կամ Շվեդիայի, կամ էլ Ուզբեկստանի ներկայացուցիչները:

Դեռ հստակ որոշված չէ, թե որքան կլինի մասնակիցների թիվը, բայց, նախնական պայմանավորվածության համաձայն, ամեն քաշային կարգում կլինի 2 մարզիկ, այսինքն` ընդհանուր թիվը կլինի 14 մարզիկ յուրաքանչյուր երկրից:

Գավաթի խաղարկությունը չի ֆինանսավորվում ՀՀ բյուջեով, մոտ 600 000 դոլար (225 մլն դրամ) արժեցող այս մրցումը ֆինանսավորելու են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Խաղերն անցկացվելու են Երևանում` «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում, փետրվարի 13-14-ը: